Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են

Իսպանիայում անտառային ուժգին հրդեհները ստիպել են ավելի քան 1500 մարդու լքել իրենց տները Վալենսիայի մերձակայքում գտնվող Կաստելյոն նահանգում։ Հրդեհն ընդգրկել է ավելի քան 4000 հեկտար անտառային տարածք։

Եվրանյուզի հաղորդմամբ, երկրում վաղ է սկսվել անտառային հրդեհների սեզոնը չոր եղանակի և բարձր ջերմաստիճանի ֆոնին: Կիրակի օրը Վալենսիայում ջերմաստիճանը հասել էր մինչև 30ºC։

Անցյալ տարի Իսպանիայում մոտ 500 անտառային հրդեհ է արձանագրվել, որոնք կործանել են հսկայական տարածքներ և լուրջ վնասներ են հասցրել տուժած տարածքների բնակիչներին։

Ինչպես ամբողջ Եվրոպայում, 2022 թվականին երկրում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Ձմեռային երաշտից հետո դրանք կարծես թե կպահպանվեն նաև 2023 թվականին:

​Ի՞նչը անտառային հրդեհների պատճառ դարձավ մարտին 

Պատճառները դեռ պարզվում են։ Տարածաշրջանային Las Provincias թերթը գրում է, որ վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը կարող էր առաջանալ ճյուղեր հավաքելու համար օգտագործվող մեքենայի կայծից։

Հրդեհի տարածմանը նպաստել են շոգ ու չոր եղանակային պայմանները։

«Վերջին շաբաթների բարձր ջերմաստիճանն ու արևմտյան քամիները, վերջին ամիսներին անձրևների պակասը հանգեցրել է նրան, որ հողի վերին շերտի շատ չոր է», - գրել է Վալենսիայի AEMET օդերևութաբանական գործակալությունը:

500 հրշեջներ՝ 20 ինքնաթիռների և ուղղաթիռների աջակցությամբ, փորձել են հսկողության տակ առնել կրակը։ Հրշեջներն ասում են, որ նման հրդեհն ավելի բնորոշ է ամռանը, քան գարնանը։

Իսպանիայում շոգը կլիմայի փոփոխության հետևա՞նք է

Քանի որ կլիման տաքանում է, անտառային հրդեհներն ավելի հաճախ են տեղի ունենում և ավելի վաղ են սկսվում, ինչպես ներկայումս Իսպանիայում:

Ինչպես Եվրոպայի մեծ մասում, Իսպանիայում նույնպես շոգ, չոր ձմեռ էր:

«Եթե երկիրը ևս մեկ ամառ ունենա, երբ 20 օր ջերմաստիճանը չի իջնի 35 աստիճանից և չորս ամիս անձրև չտեղա, ապա բուսականությունը կարող է բռնկվել առաջին կայծից», - զգուշացնում է անտառային հրդեհների հարցերով փորձագետ Պաբլո Մարտին Պինտոն:


Եվրահանձնաժողովի տվյալներով, 1750-2020 թվականներին մթնոլորտում CO2-ի կոնցենտրացիան աճել է 48%-ով։ Միջին ջերմաստիճանը մոլորակի վրա բարձրացել է 1,1C-ով՝ համեմատած նախաարդյունաբերական մակարդակների հետ։

Գլոբալ տաքացումը նաև մեծացնում է գոլորշիացումը ցամաքում, ինչը կարող է սրել երաշտը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ անտառային հրդեհների համար և հանգեցնել անտառային հրդեհների ավելի երկար սեզոնի: