Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսրայելում գիշերը զանգվածային ցույցեր են տեղի ունեցել դատական ռեֆորմի դեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 27-ի գիշերը Իսրայելում բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռացրել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, որը հանդես էր գալիս դատական բարեփոխումների դեմ:

Ըստ Haaretz-ի՝ ցույցերը տեղի են ունեցել ավելի քան 150 վայրերում, մի շարք դեպքերում ցուցարարները արգելափակել են ճանապարհները: Թել Ավիվում հարյուրավոր ցուցարարներ կանգնեցրել են երթևեկությունը հիմնական մայրուղու՝ Այալոնի վրա: Երուսաղեմում մոտ 1000 ցուցարարներ հավաքվել են վարչապետի նստավայրի առջև, մոտ 1000 ցուցարարներ էլ երթով անցել են խորհրդարանի շենքի առջևով:

Թե, ընդհանուր առմամբ, քանի մարդ է մասնակցել ցույցերին՝ հայտնի չէ: The Times of Israel-ը, վկայակոչելով տեղի հեռուստաալիքներին, հայտնել է, որ հարյուր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել, մինչդեռ Haaretz-ը խոսում է տասնյակ հազարավորների մասին:

Ցույցերն ավարտվել են վաղ առավոտյան, երբ ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է դրանք: Որոշ տեղեկություններով՝ ցուցարարները ուժայինների ուղղությամբ քարեր, շշեր և այլ առարկաներ են նետել: Ըստ The Jurasalem Post-ի՝ վիրավորվել է առնվազն երեք ոստիկան: Հաղորդվում է նաև, որ կան մի քանի բերման ենթարկվածներ:

Կատարվածի ֆոնին վարչապետը քննարկումներ է սկսել իր կոալիցիայի անդամների հետ՝ բարեփոխումների մասին օրենքը սառեցնելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ այսօր Նեթանյահուն հանդես կգա հարցի վերաբերյալ հանրային ելույթով:

Երկրի նախագահ Իցխակ Հերցոգն էլ կոչ է արել կառավարությանը դադարեցնել դատական ռեֆորմը՝ հանուն «Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն այն պատասխանատվության, որը մենք պարտավոր ենք ստանձնել»:

Հունվարի սկզբից Իսրայելում պարբերաբար զանգվածային ցույցեր են տեղի ունենում դատական բարեփոխման դեմ, ըստ որի նախատեսվում է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները: Եթե օրինագիծն ընդունվի, Իսրայելի կառավարությունը լիարժեք վերահսկողություն կստանա դատավորների նշանակման գործում:

Մարտի 26-ին վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռացրեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, քանի որ վերջինս դեմ էր դատական բարեփոխմանը: Դրանից մեկ օր առաջ նախարարը կոչ էր արել իշխանություններին ժամանակավորապես սառեցնել օրինագծի ընդունումը և փոխադարձ համաձայնության հասնել այդ հարցում: Նեթանյահուն հայտարարել է, որ կորցրել է վստահությունը նախարարի հանդեպ, քանի որ նա «գործել է կառավարության թիկունքում»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ