Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջիվան Միքայելյան․ «Արցախում 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են ու նման դեպք նույնիսկ Ուկրաինայի պատերազմական գոտում չկա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը,  «Հայելի» ակումբում խոսել է տարբեր ուղղություններով թշնամու՝ Հայաստանի տարածք ներխուժման, Արցախին ու Հայաստանին սպառնացող վտանգների եւ իրավիճակը փոխելու իր պատկերացումների  մասին։

«Անցած ընտրություններին Փաշինյանը մեր ժողովրդին հայտարարում էր, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, ասում էր, որ ժողովրդին տանում են պատերազմի, ու որ մենք չենք կարող կռվել։ Իսկ այսօր հայտարարում է, որ պատերազմ է լինելու, էսկալացիա է լինելու եւ միեւնույն ժամանակ բացատրում է, որ մենք հնարավորություն չունենք պաշտպանվելու։ Ադրբեջանցիները երեւի լսում են, կամ իրար հետ են աշխատում, ու գալիս են առաջ։ Մի քոմենթ կարդացի, որտեղ ասվում է․ մի նեղվեք, ժողովուրդ, ապագան կամաց-կամաց գալիս է յուրաքանչյուրիդ դուռը։ Ու այդպես էլ կա։

Քիչ առաջ նայում էի։ Մի ֆրանսիացի գործիչ էր, որ այցելել էր Սյունիք։ Ասում էր, որ 2019 թվականին իրենց շրջանն Արցախի հետ փոխըմբռնման, բարեկամության պայմանագիր ունեին, հիացած էր Արցախով։ Այսօր Արցախը շրջափակման մեջ է։ Հայտարարեց նաեւ, որ այսօր ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայով եւ Արցախի խնդիրը դուրս է մնացել։ Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիացին ավելի լավ է պատկերացնում․ կարծես հայ լինի ու ավելի հայրենասեր է, քան հայ ժողովուրդը։ Ոչ մեկին հետաքրքիր չի, որ Տեղ գյուղում եկել են առաջ, որ Ջերմուկն է վտանգված ու անընդհատ գալիս են առաջ։ Ֆրանսիացին հայտարարեց, որ ինքը Սյունիքում էր եւ երբ այնտեղից եկավ, արդեն այդ տարածքը ադրբեջանական զորքերը գրավել են։ Ասում է, ես նայում եմ՝ հայկական տարածքների բոլոր բարձունքներում ադրբեջանական դրոշներ են ծածանվում։ Ինչ ասեմ։ Ֆրանսիացին տեսնում է, մենք, մեր ժողովուրդը չի տեսնում։ Բայց ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը կարթնանա վերջապես։ Մանավանդ ապրիլի 4-ին դուրս կգա հրապարակ։ Չենք ասում զենք վերցրեք, կռվեք։ Ընդամենը ամսի 4-ին երկու ժամ պայքարենք, ազատվենք այս իշխանությունից։

Իրենք հայտարարում էին, որ բոլորը պատերազմ են ուզում, բայց այսօր տեսնում ենք, որ հենց իրենք կամաց-կամաց եւ տարածքներ են տալիս, եւ 90-ական թվականներից մեր սահմանները պաշտպանող մեր ռազմական դաշնակից Ռուսաստանին ուզում են հանեն Հայաստանից։ Իսկ այդ դեպքում ո՞վ է պաշտպանելու մեր սահմանները։ Տարօրինակ է։ Չգիտեմ, թե սա ուր կտանի մեզ։ Այս իշխանության այլանդակություններն այնքան շատ են, որ ժամերով, օրերով կարելի է խոսել։ Բայց պետք է առաջ գնալ, այսինքն, պայքարել։ Հակառակ դեպքում յուրաքանչյուրիս տուն է գալու։

Արցախում 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են։ Աշխարհում նման բան չկա։ Նույնիսկ Ուկրաինայի պատերազմական գոտում նման դեպք չկա։ Չեն ենթարկվում, միջազգային դատարանի որոշումը չեն կատարում։ Իսկ Նիկոլը, երեկ նայեցի, մեր զինված ուժերը հանում է առաջնագծից։ Այդ դեպքում ո՞վ է պահելու հայ-թուրքական սահմանը,երբ  Նիկոլի ասելով, մենք Ադրբեջանի սահմանը չենք կարողանում պահել։ Խնդրել է, որ հետ գնան։ Ադրբեջանը սկսել է Իսրայելի հետ համագործակցել։ Իսկ մե՞նք ում հետ ենք համագործակցում։ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվեցինք։ Մի գեներալ պատգամավոր ունենք, որ հրճվել եւ պատրաստվում է Պուտինին ձերբակալել։ Աշխարհում որեւէ մեկի մտքով նման բան չի անցնի։ Նույնիսկ Հաագայի դատավորները հիմա հասկանում են, որ հիմարություն են արել»։

Ջիվան Միքայելյանը իրավիճակը փոխելու տարբերակ տեսնում է պայքարելը։ «Պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։ Ուրիշ ելք չկա։ Խնդրում եմ  ժողովրդին ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ ու աջակցել: Խաբում են։ Մի կողմից Նիկոլն ասում է՝ կուտակումներ կան, Էսկալացիա է, պատերազմ է լինելու եւ մենք չունենք պաշտպանվելու հնարավորություն, մյուս կողմից նիկոլականները Սիսիանում բացատրում են, որ եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի։ այսինքն, զիջելով գալիս են ու հասնելու են Երեւան։ Ինչ է, ժողովուրդն արդեն մոռացել է՞, թե ով բերեց պատերազմ»,-ասաց զոհվածի հայրը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ