Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ջրահեղձի գործը» ՀՀ վճռաբեկ դատարանում է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«2017 թվականին տնօրենը մայիսի վերջին գնացել է փրկարար ծառայություն, որ իրեն փրկարար տրամադրեն, պատասխանել են՝ նման հաստիք չունեն, ասել են նաեւ, որ փրկարար հասնում է միայն հանրային լողափերում»

Այս տարվա արտակարգ իրավիճակների հաշվետվությունը, երբ ամբողջական լինի, հավանաբար կտեղեկանանք, թե ջրահեղձման որքան դեպքեր գրանցվեցին: Միայն վերջին դեպքերն եմ արձանագրել: Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սեւանա լճում, քաղաքացին լողալով հեռացել էր ափից եւ չէր վերադարձել: Փրկարարաները ջրից դուրս էին բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ. Գ.-ի դին: Սեպտեմբերի 4-ին Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել եւ դուրս էր բերել 1959 թ. ծնված քաղաքացի Ա. Խ.-ի դին: Հուլիսի 14-ին Տավուշի մարզի ջրավազանում անչափահաս տղա էր խեղդվել։ Մինչ փրկարարների հասնելը տեղի ուժերով ջրավազանից դուրս էին բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Այս վերջին ողբերգական դեպքը հիշեցրեց մի դեպք, որը տեղի էր ունեցել 2017 թվականի օգոստոսի 15-ին եւ դեռ դատարանների վարույթում է՝ Վաղարշակ Գրիգորյանի գործը, իսկ վճռաբեկ դատարանը նոյեմբերի 11-ին նշանակել էր գործով տուժողի իրավահաջորդի եւ գլխավոր դատախազի տեղակալի բողոքների լսումը:

Տուժողի իրավահաջորդ Ս. Ա-ն, ով դատաքննության ընթացքում հարցաքննվել է վկայի կարգավիճակում, հայտնել էր, որ իր որդին՝ Գեւորգը, փոքր հասակից ավտովթարի ենթարկվելու հետեւանքով զրկված է եղել աջ ոտնաթաթից եւ կրել է պրոթեզ։ Գեւորգը տասներկու տարեկանից զբաղվել է սպորտով եւ բազմաթիվ անգամներ գնացել Սեւան։ Գեւորգը 2-րդ խմբի հաշմանդամ է եւ հանդիսացել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ։ 2017 թվականի օգոստոսի 15-ին որդին իրեն ասել է, որ իր ընկեր Արշակի հետ պետք է գնա Սեւան՝ մասնակցելու սպորտի եւ հանգստանալու:… Հետագայում պատմել են, որ Գեւորգը մտել է լիճ լողալու եւ ջրահեղձ է եղել։ Ըստ տուժողի իրավահաջորդի. «առաջին անգամ է տեսնում, որ թույլատվություն չունենալով եւ փրկարար չլինելով՝ շահագործեն լողափը։ Եթե այդ լողափում փրկարար լիներ, իր որդին չէր խեղդվի»:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 4-ին որոշել է «Արեւիկ առողջարան» ՍՊ ընկերության տնօրեն, ամբաստանյալ Վ. Գ.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի եւ տուժողի իրավահաջորդ Ս.Ա.-ի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի վճռաբեկ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստում։ Իսկ բողոքները 2022 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ էին ընդունվել վճռաբեկի վարույթ:

Այս գործն առաջին անգամ ընդհանուր իրավասության դառարան էր ուղարկվել 2018 թվականի մայիսի 14-ին: Վ.Գ.-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Տնօրենը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ դատարանի տեղեկատվական համակարգում առկա գործի նյութերի, նրա ցուցմունքներից մեկի, «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության եւ իր ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպության անդամները հերթափոխով պետք է առողջարանում հանգստանային։ 2017 թվականի օգոստոսին 14-ին կազմակերպության երկրորդ խումբն է եկել իր մոտ եւ տուժողը նրանց հետ չի եղել, այլ հաջորդ օրը՝ 15-ին է եկել։ Ինքը տուժողին չի ճանաչել եւ տեղյակ չէ, թե ինչի է նա խեղդվել. «Բույոկները լճում եղել են։ Մինչ այդ դեպքն ինքը դիմել է համապատասխան մարմիններին, որ փրկարար տրամադրեն, սակայն չեն տրամադրել։ Իր տարածքում բժիշկ ունի եւ բացի իր տարածքից, ուրիշ ոչ մի տեղ բժիշկ չկա։ Ափի մոտ է խեղդվել եւ նույնիսկ բույոկներին չի հասել։ Երեխան խեղդվելուց առաջ օգնություն չի կանչել, իսկ եթե կանչեր, ապա նրա կողքի լողացողները կօգնեին»։ Անցյալ տարվա մայիսի 3-ին ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել եւ հռչակել է նրան անմեղ ու արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: Խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացրել է:

Դատարանը արդարացված Վ.Գ.-ին պարզաբանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ եւ 67-րդ հոդվածներով սահմանված` արդարացվածի եւ նրան պատճառված, հնարավոր վնասի հատուցման` նրա իրավունքներն ու հատուցման կարգը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող Լ.Աբգարյան, դատավորներ Ռ.Բարսեղյան, Ն.Հովակիմյան կազմով, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին տուժողի իրավահաջորդ Ս.Ա.-ի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի եւ դատախազ Է.Հարությունյանի վերաքննիչ բողոքները մերժել է, դատավճիռը թողել անփոփոխ:

Նմանօրինակ դատական գործերի լուսաբանումը կարեւոր է այնքանով, որ պետական մարմինները կարող են կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետագայում բացառելու համար նման ողբերգական դեպքերը: Արդարացած տնօրենը ցուցմունք էր տվել. «Ինքն է բույոկներ տեղադրել, գնացել է Սեւանի թերակղզում գտնվող ԱԻՆ փրկարար ծառայության հենակետ, որպեսզի գրավոր դիմում տա փրկարար ծառայության հետ կապված, սակայն չեն վերցրել եւ բանավոր ասել են, որ չեն կարող տրամադրել։ Հետո եկել է եւ իր ուժերով կազմակերպել է անվտանգությունը, տեղադրել է բույոկներ, համապատասխան աշխատակից է ընդունել աշխատանքի, տվել է ցուցումներ անվտանգության հետ կապված եւ դրանից հետո շահագործել է։ Երեխան բույոկ չի հասել եւ ափից 6-7 մետր հեռավորության վրա է խեղդվել, աշխատակիցն է մատնացույց արել խեղդվելու վայրը։ Մարդիկ կան, որ բույոկը անցնում են եւ ինքը ունի աշխատող, ով նստած հսկում է, որ բույոկը չանցնեն։

Այդ երեխայի խեղդվելու ժամանակ էլ է այդտեղ այդ մարդը նստած եղել։ Ինքն ունի նավակ, եւ եթե մարդը խորը գնա՝ կգնան կբերեն։ Ջուրն իր տարածքը չի եւ դրա համար ինքը պատասխանատու չէ։ Իր տարածքը պարսպապատ չէ եւ յուրաքանչյուր մարդ կարող է գալ, մտնել, լողալ։ Ինքը կատարել է բոլոր գործողությունները, որ փրկարար ծառայություն ապահովի, սակայն իրեն չեն տրամադրել եւ ինքը այդ պարագայում իրավունք է ունեցել շահագործել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ