Armenia

ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել դպրոցի տնօրեն. Արայիկ Հարությունանը պատասխանեց Անի Սամսոնյանի մեղադրանքին

ԱԺ այսօրվա նիստում բանավեճ տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորների միջև:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում Արայիկ Հարությունյանին մեղադրեց դպրոցները քաղաքականացնելու մեջ:

«Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել եմ: Պարզվում է, այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել այդ կազմում: Կազմում ներառվել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու Իմ քայլը  խմբակցության անդամներ: Ինչո՞ւ եմ ապշել, պարոն նախարար, որովհետև դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ: Հիմա ասեք՝ ինչպե՞ս հասկանանք ձեր այդ քայլը: Միայն թե չասեք, որ դուք նախկինների պես չեք, ուրիշ եք»,- ասաց Անի Սամսոնյանը: Նա հարցադրում արեց՝ ի՞նչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞ր իշխանիկներին են ծառայում այսօր այդ կառավարման խորհուրդները»,- հարցրեց Սամսոնյանը:

Նրան պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Տիկին Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա: Եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել դպրոցի տնօրեն, այնինչ՝ հարյուրավոր մրցույթներ են կայացել: Այդ ելույթի կարիքը չէր լինի, տիկին Սմսոնյան, եթե մի քիչ դրանից առաջ իմ խոսքը լսեիք, երբ ասում էի, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու, և ըստ էության բոլորն այն մարդիկ, ովքեր նշանակվելու են լիազոր մարմնի կողմից կամ համայնքապետարաններից ու մարզպետարաններից, զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում: Երբ այս ամբողջության մեջ նայեք, պետք է ալիքը փոխեք, բայց ես ցավում եմ, որ ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում, և դուք մնացել եք հին ալիքի վրա, կարծես հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի՝ որպես քաղաքապետի հետ: Մի արեք այդպիսի բաներ: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի դուք մեզ կառուցողական առաջարկներ անեք: Ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք ձեր ներկայացուցչին՝ Քրիստ Մարուքյանին: Այնպես որ խնդրում եմ էստեղ բաներ չանեք»,- ասաց նախարարը:

ԼՀԿ ներկայացուցիչները տեղից պատասխանեցին Արայիկ Հարությունւյանին: «Հանգստացեք»,- նրանց դիմեց Արայիկ Հարությունյանը: