Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ճիշտ թեզեր է գրել, ինչը հակասում է ձեր ասածին, թե իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում․ կմեկնաբանե՞ք»․ Զոլյանը՝ Անդրանիկ Թեւանյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր քաղաքագետ Սուրեն Զոլյանն ընթերցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածը, ըստ որի՝ իշխող ուժն արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «անջատում հանուն փրկության» սկզբունքով։

Սուրեն Զոլյան

Դիմելով լսումները նախաձեռնած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին՝ Սուրեն Զոլյանը հարցրեց․ «Ինչպես տեսնում եք, ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում շատ ճիշտ թեզեր է արձանագրել, ինչը հակասում է ձեր ասածին, թե իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ Խնդրում եմ մեկնաբանել»։

Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց, որ մեջբերված հատվածն ընդդիմությունը վերջերս արդեն իսկ մեջբերել է՝ իշխող խմբակցությանն առաջարկելով միասնական հայտարարությամբ պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, սակայն ՔՊ-ն մերժել է․ «Հերթական անգամ ՔՊ-ն խաբել է մեր ժողովրդին, եւ իրենք էլ են դա խոստովանում։ Գրել են ու հրաժարվում են։ Ասում են, որ հիմա նոր մոտեցում ունեն։ Մյուս հարցերում էլ են խաբել։ Սա ապացույց է, որ հրաժարվել են իրենց նախընտրական ծրագրից, որովհետեւ մեր բոլոր հայտարարությունները, որոնցում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, մերժել են։ Գրիչով ջնջել են ինքնորոշման իրավունք ձեւակերպումը։ Հանել են «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։ Կամ նայեք ՔՊ-ականների եւ Փաշինյանի հայտարարությունները։ Պրահայից հետո Ալիեւն ասում է, որ եկել են համաձայնության, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, եւ ղարաբաղցիների հետ Բաքուն շփվելու է իր ներքին օրենսդրության համաձայն։ Փաշինյանից զրո արձագանք։ Հետո էլ չի արձագանքել։ Լավրովն էլ ասել է, որ Պրահայում եկել են նման համաձայնության՝ հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին։ Մինչդեռ ՀՀ-ն այդ հռչակագիրն ընդունելուց արել է վերապահումներ, ինչի մասին ՀՀ իշխանությունը չի հիշատակում»։

Ի պատասխան Սուրեն Զոլյանը կարծիք հայտնեց՝ իշխանությունից պետք է պահանջել փաստել, որ սխալ ձեւակերպումներով է եկել իշխանության եւ պետք է հրաժարվի իշխանությունից, որովհետեւ խաբեությամբ է եկել։

Անդրանիկ Թեւանյան

«Մենք հայտարարել ենք, որ իշխանությունը լեգիտիմ չէ եւ խաբել է։ Ինքնակամ հրաժարական չեն տա։ Այլ հարց է, որ մեր խնդիրը պետք է լինի հանրության հետ աշխատել եւ մարդկանց բացատրել, որ իշխանությունը խաբեություն է արել»,-պատասխանեց Անդրանիկ Թեւանյանը։

Սուրեն Զոլյանը նաեւ կարծիք հայտնեց՝ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելը պետք չէ ընկալել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում․ «Որպես հիմք պետք է ընդունենք 91-92թթ․ մեկնաբանությունները, որովհետեւ միջազգային պայմանագրերն այդպես են մեկնաբանվում՝ ընդունման պահին։ Դա ստորագրած Մութալիբովը չէր ասում, որ Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Հակառակը, Ադրբեջանի խորհրդարանը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը։ 93-ին Հեյդար Ալիեւը նորից է ստորագրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ