Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարեւոր ինստիտուտը «վերագործարկվելու է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական է տվել հունվարի 23-ին: Ո՛չ  տիկին Գրիգորյանը, ո՛չ էլ նրան «գործից հանողները» որեւէ բացատրություն չտվեցին, թե որոնք էին ՄԻՊ-ի գործունեության թերացումները: Ենթադրում եմ, որ «վերեւների» ցասումը կարող էր առաջանալ այն պատճառով, որ նախկին օմբուդսմենը համագործակցում էր իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ: Այսպես թե այնպես, 2,5 ամիս օմբուդսմենի կարեւոր ինստիտուտն, ըստ էության, չէր գործում:

Վերջապես, Ազգային ժողովը որոշեց անդրադառնալ այդ խնդրին. այսքան ժամանակ, հավանաբար, իշխանությունը նոր թեկնածու էր փնտրում: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի վրա:
Այստեղ կա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահ: Դրականն այն է, որ իշխանությունը որոշել է, ի վերջո, ՄԻՊ նշանակել (հենց նշանակել, որովհետեւ ավտորիտար երկրներում «ընտրություն» բառը շատ պայմանական է՝ առաջին դեմքը ինչպես որոշի, այդպես էլ կլինի): Բայց ում էլ նշանակեն, ավելի լավ է օմբուդսմեն ունենալը, քան չունենալը: Եթե կա ինստիտուտը, ապա, թեկուզ այն գործի ոչ բավարար, դրան կարելի է դիմել, թերությունները բարձրաձայնել եւ այլն: Բացասականն այն է, որ տիկին Մանասյանը դատախազության աշխատակից է, այսինքն՝ այն գերատեսչության, որը հակված է մեղադրել, ոչ թե պաշտպանել: Բացի այդ, եթե դատախազությունը թույլ տա մարդու իրավունքների խախտում, իսկ օմբուդսմենին վերապահվի զբաղվել այդ գործով, ապա կարող է ի հայտ գալ շահերի բախում:

Դրական երեւույթ է նաեւ, որ ընդդիմությունն  այս անգամ որոշել է առաջ քաշել իր թեկնածուին: Էդգար Ղազարյանի ընտրությունը նույնպես իդեալական չէ՝ նախկին դեսպանի եւ մարզպետի հրապարակային ելույթներն ընդգծված ընդդիմադիր բնույթ են կրում, իսկ ՄԻՊ-ի պաշտոնը, որքան հասկանում եմ, քաղաքական զսպվածություն է պահանջում: Բայց, բոլոր դեպքերում, իշխանությանն այլընտրանք առաջարկելը ճիշտ է, եւ եթե ինչ-որ հրաշք կատարվի, եւ ՔՊ-ականները քվեարկեն ընդդիմադիր թեկնածուի օգտին, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը դրանից միայն կշահի: Չնայած պարզ է, որ նման բան տեղի չի ունենա, ինքը՝ բանավեճը մարդու իրավունքների շուրջ, եթե չվերածվի «թալանչի-դավաճան» սովորական լեզվակռվի,  կարող է օգտակար լինել:

Մի փոքրիկ նկատառում եւս. ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները ներդաշնակ դիրքորոշում ունենային իրենց թեկնածուի վերաբերյալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ