Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի հաստատման նպատակահարմարության մասին որոշումը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 1995 թվականից համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ:

1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը  կարգավորող մարմնի միջև ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության  փոխանակման և համագործակցության վերաբերյալ։  Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007  և 2017 թվականներին։   

Նշված Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն անձնակազմի պատրաստում և վերապատրաստման, փորձագիտական աջակցության (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում), ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման և լիցենզավորման, ատոմակայի անվտանգության հավանականային վերլուծության,  ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրման, Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրման, գրանցման և ազգային ռեգիստրի մշակման հարցերում:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» Համաձայնագիրը։

Նոր Համաձայնագրով, նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։

Համաձայնագիրը կազմված է 4 բաժնից՝ (իրենց ենթաբաժիններով) և մեկ հավելվածից: Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների  փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։

Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի  ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Համաձայնագրի հաստատումը նպատակահարմար է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար»։