Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կգա մի օր, և այս օրը կնշվի որպես համազգային տոն

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս իր հարցազրույցում ասել էր՝ հնարավոր չէր, որ Արցախը հենց այնպես միանար և դառնար Հայաստանի գավառներից մեկը, արցախցիները երբևէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ-որ ռեգիոններից մեկը։ Ինչո՞ւ են այսօրինակ թեզեր դրվում շրջանառության մեջ այսօր։

Այնպիսի ժամանակներ ենք ապրում , որ ով ինչ ուզում, հայտարարում է, բայց չի տեսնում, թե ում անունից է հայտարարում։ Որևէ մեկի այդպիսի հայտարարությունն ինչո՞վ կարող է հիմնավորվել։ Ես էլ մի կարծիք կհնչեցնեմ, որն այսօր դժվար է այս աղմուկի ֆոնին հիմնավորել։ Իմ կարծիքով՝ արցախցիները միշտ էլ ուզել են Հայաստանի մասը լինել, բայց Հայաստանի կողմից բավարար աջակցություն չստանալով՝ ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների բնակչության, կարողացել են ինքնուրույն իրենց խնդիրները լուծել։ Եվ ես որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում հայտարարելու, որ Արցախը երբեք չէր ցանկանա Հայաստանի մաս լիներ։ Չգիտեմ՝ ում մեջ են ուզում այդ կարծիքը ներարկել՝ արցախաբնակ հայերի՞, թե Սփյուռքի հայերի ու արտասահամանցիների մոտ։ Եղել է այնպիսի ժամանակ, երբ արցախցիները ցանկացել և միացել են Հայաստանի հետ՝ դառնալով Հայաստանի անբաժան մասը։ Հետագայում հայերի մեծամասնությունը չի աջակցել այդ ինքնիշխան որոշմանը։ Հիմա, երբ ասում են, թե Արցախը չի ուզում լինել Հայաստանի մաս, գոնե թող ճշտեն, թե ի՞նչ է ուզում արցախցին։

1989 թվականի դեկետեմբերի 1-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշում են ընդունել։ Այդ որոշումն իրավական առումով ուժի մե՞ջ է, ի՞նչ նշանակություն ունի։

Դեկտեմբերի 1-ը մեր շրջապատի համար կրկնակի տոն է, որովհետև 1963 թվականին ծնվեց Կարեն Վարդանյանը, ով շատ մեծ ներդրում ունեցավ այդ որոշման կայացման գործընթացում։ Իսկ հետագայում դեկտեմբերի 1-ը դարձավ վերամիավորման օր։ Իհարկե, այսօր քչերն են դրանով ուրախանում, շատերը նույնիսկ տխրում են այդ ամսաթիվը լսելով, բայց կգա մի օր, և այս օրը կնշվի որպես համազգային տոն։ Թե այդ որոշումն իրավական ուժ ունեցող որոշում է, դա-ինչ որ մեկը չի որոշում։ Ոչ ոք չի էլ համարձակվում ասել, որ իրավական ուժ չունի այդ որոշումը։ Ինձ համար էլ է զարմանալի, թե ինչպես է, որ մինչ օրս այդ որոշումը մնում է իրավական ուժի մեջ, որովհետև նման մի առիթ եղել է, որ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի բոլոր որոշումների հետ միասին այդ որոշումը ցանկանում էին «ջրել»։ Երբ ես զանգահարեցի համապատասխան տեղ և ասացի, որ դա չի կարելի անել, 10 րոպեի ընթացքում արդեն ԳԽ որոշումների նախագծերի միջից հանվեց այդ որոշումը։ Այո, դա իրավական ուժ ունեցող որոշում է, դա՝ որպես ուժը չկորցրած փաստաթուղթ, առկա է և Հայաստանի օրենսդրության բազայում, և Ազգային ժողովի կայքի արխիվում։

Այդ որոշումն իրագործելու ուղղությամբ ի՞նչ սխալներ են թույլ տրվել։

Սխալ կլինի ասել, որ ժամանակին տեր չկանգնեցինք այդ որոշմանը, որովհետև այնուամենայնիվ այդ որոշումը ոչ միայն թղթի վրա է իրավական ուժը պահպանում, այլ նաև դե ֆակտո մինչև վերջերս Արցախը եղել է Հայաստանի մասը։ Հիմա էլ Արցախի Հանրապետության տարածքները գտնվում են մեր հարևանների վերահսկողության տակ, բայց այդ հարցը դեռ համարվում է վիճելի ամբողջ աշխարհի մակարդակով։ 1989 թվականի որոշումը դե ֆակտո և իրավական ավելի մեծ ուժ ունի, քան մյուս որոշումները, որոնց իսկապես հայությունը տեր չի կանգնել։ Նկատի ունեմ Սևրի պայմանագրին հետևած ԱՄՆ նախագահի իրավարար վճիռը և շատ այլ որոշումներ, որոնց իսկապես տեր չենք կանգնել, և դրանք վեջնականապես ոչ միայն իրավական առումով, այլ նաև դե ֆակտո էլ ուժը կորցրած են։

Արցախի հարցով վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, այսօր կարծես Արցախն օտարելու գործընթաց է իրականացվում։

Նախ ես դա քաղաքականություն չէի անվանի բացարձակապես։ Քաղաքականությունը դա որոշումների, քայլերի, գործողությունների հաջորդականություն է, որը բերում է ցանկալի արդյունքի։ Եվ քաղաքականությունը շատ ավելի նուրբ բան է, ներառյալ դիվանագիտությունը, որը քաղաքականության կարևոր գործիքներից մեկն է։ Այն, որ պաշտպանական, անվտանգության համակարգերը ևս քաղաքականության կարևոր գործիքներ են, դրանում արդեն բոլորն են համոզվել։ Իսկ ովքեր խաղեր են խաղում այդ դասական ձևակերպումների հետ, այդ խաղերը միշտ էլ եղել են ու լինելու են։ Ցավոք սրտի, այսօր գերակշռող են դարձել, բայց դա խիստ ժամանակավոր է։ Իսկ ինչո՞ւ է ժամանակավոր, որովհետև ուղղակի այդպես չի կարող լինել։

Արցախի հարցը 1989 թվականի դեկտեմբերի 1-ից դե յուրե գոյություն չի ունեցել, իսկ հետագայում 30 տարի դե ֆակտո էլ չի եղել։ Մենք ունեցել ենք ուղղակի Հայաստանի Հանրապետության զարգացման խնդիր։ Արցախի հարցը առանձնացվել է և դիտավորյալ է առանձնացվել, ես պնդում եմ, որ դա եղել է շարունակական դավադրություն՝ հայության ուշարությունը շեղելու, մարդկանց մեջ տագնապի զգացողությունը մշատպես պահելու  և որոշակի բացասական արդյունքներ հետապնդելու համար, ինչն այսօր արդեն ակնհայտ է։ Եվ որպեսզի մենք այդ տագնապի վիճակից դուրս գանք, վերջապես պետք է վերադառնանք ոչ թե ակունքներին, որովհետև մեր ակունքները շատ հին են, պետք է վերադառնանք հիմնարար որոշումներին։ Այն ամուր հիմքերին, որի վրա կարելի է կառուցել Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհավորում եմ բոլոր հայերին՝ Արցախի հետ վերամիավորման տոնի առթիվ։