Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղություն մուրող ժողովուրդը կամ իշխանությունը սրի է քաշվում

Lragir.am-ի զրուցակիցն է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մհեր Կարագյոզյանը

Պարոն Կարագյոզյան, ձեր նախաձեռնության միջոցով հայ հասարակությանը փորձում եք համախմբել այսօրվա մարտահրավերների շուրջը։ Ի՞նչ անելիք ունի  հասարակությունը։

Անկախ այն հանգամանքից, որ մինչ այսօր կամ իշխանությունների, կամ դրսի ուժերի կողմից հասարակությունը խաբվել է կամ կորցրել վստահությունը, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվի երկիրը պահելու գաղափարից կամ հավատը կորցնի իր ուժերի ու ռեսուրսների նկատմամբ։ Անկախ ամեն ինչից, միևնույն է, երկրի տերը երկրի քաղաքացին է։ Եվ պարտավորությունն ու պատասխանատվությունն սկսվում է երկրի քաղաքացուց։

Պատերազմից հետո հայ հասարակությանը ներարկվում է թեզը, որ պարտված ենք, չունենք ռեսուրսներ։ Ինչո՞ւ է այս քաղաղաքականությունը տարվում։

Այդ պարտվողական թեզերը քարոզչություն են, միտում ունեն։ Իրականում պարտության նշույլ անգամ չկա, որովհետև ժողովրդի տոկունությանը, մտավոր կարողություններին ես հավատում եմ։ Եվ հնարավորություն եմ տեսնում, որ հայ հասարակությունը կարող է արագ համախմբվել, բացի դա, մենք ունենք ինժեներական այնպիսի միտք, կարող ենք այնքան արագ մոբիլիզացվել ու ստեղծել նոր տեխնոլոգիաներ։ Մենք անգամ ի վիճակի ենք թեժ պատերազմին դիմակայել նոր ռեսուրսներով ու տեխնոլոգիաներով։

Ինչո՞ւ են այս թեզերը ներարկվում հասարակությանը, սրա արմատներն ավելի խորն են։ Առհասարակ մարդիկ ինչի՞ համար են ընտրում իշխանություն, որպեսզի իշխանությունը ճնշի իրենց, որպեսզի քաոսի չվերածվի հասարակությունը։ Մարդիկ ընտրում են իշխանություն, հետո իշխանությունը շարունակում է լռեցնելու կամ ճնշումների քաղաքականությունը, ինչը մենք այսօր ակնհայտ տեսնում ենք։ Բոլոր իշխանությունները տանում են մի գիծ, որ վստահության մանդատը տվել եք, ուրեմն դուք լռեք, և մենք կգործենք իբրև թե ձեր փոխարեն։ Սակայն մեր փոխարեն գործողությունները չեն բավարարում մեզ, և իշխանության կողմից ճնշումները նաև պրոպագանդայի միջոցով շարունակվում են։ Բարձրաձայն չի ասվում, բայց կարմիր ժապավենի պես անցնում է այն դավաճան միտքը, որ եթե 30 տարի շարունակ դուք 5000 դրամներով ընտրությունների էիք գնում, եթե նախկինները թալանում էին, հանդուրժում էիք․․․ Այսպես նախկինների մասին խոսելով՝ այսօրվա պատասխանատվությունն ուզում են թողնել միայն նախկինների վրա, ստեղծել երևակայական իրականություն, որ խաղաղության գնալու ճանապարհով կարող են հանգիստ կառավարել երկիրը։ Անընդհատ հասարակությանը հրամցնում են «խաղաղություն» բառը, որն այս ժողովրդի երազանքն է։

Ստեղծված պայմաններում ամեն գնով խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների թեզը ինչպե՞ս եք գնահատում։

Այդ ճանապարհով չեն հասնում խաղաղության, խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում։ Խաղաղություն մուրող ժողովուրդը կամ իշխանությունը սրի է քաշվում։ Խաղաղությունը նվաճում են, իսկ նվաճելու քաղաքականությունն իշխանությունների կողմից չենք տեսնում։ Անհեռանկար քաղաքականություն է այսօրվա խաղաղության ձգտումն իշխանությունների կողմից։

Իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմից հետո չունեն ռեսուրս՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Այսօր էլ ասում են, որ Հայաստանը չպետք է բանակցի Լաչինի միջանցքի հարցով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Հայաստանը պետք է մասնակցի Լաչինի միջանցքի հարցով բանակցություններին, որովհետև սա ճանաչված միջանցք է։ Միջանցքի տրամաբանությունը սա է՝ արտատարածքային ճանապարհ ու համապատասխան ենթակառուցվածքներ։ Եվ Հայաստանի իշխանությունները պարտավորություն ունեն ՀՀ քաղաքացուն տրամադրել քաղաքական պաշտպանություն։ Արցախը նաև իմ հայրենիքն է, և երբ միջանցքը փակել են, ինձ թույլ չեն տալիս, որ ես գնամ Ղարաբաղ, այստեղ չի տուժում միայն արցախաբնակ հայության իրավունքը, տուժում է նաև իմ իրավունքը, որ չեմ կարողանում ազատ տեղաշարժվել։ Արցախի պաշտպանությունը նաև շեշտադրված է մեր Սահմանադրության մեջ։ Անհասկանալի է այդ խոսքը, երբ ասում են՝ ռեսուրս չունենք։ Ուրեմն, ունեցեք ռեսուրսներ, արեք ամեն ինչ։ Միշտ կարելի է ասել՝ չունենք այս, չունենք այն։ Եթե ինչ-որ բան չունես, պարտավոր ես ունենալ, եթե կա դրա անհրաժեշտությունը։

Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Լաչինի միջանցքի շուրջ։

Սա տարվող քաղաքականություն է՝ էթնիկ զտումներ իրականացնելու համար, ինչն արդեն տեղի է ունեցել Բերձորում ու հարակից գյուղերում, ինչը դրանից առաջ տեղի էր ունեցել Գետաշենում։ Նաև Հայաստանի տարածքով միջանցք բացելու հարցում է գուցե ճնշում գործադրվում սրանով։ Ռուսաստանն այսօր արդեն բաց տեքստով առաջ է մղում Ադրբեջանի շահերը։ Բաց տեքստով ու իրենց հայտարարություններով իրենք ներկայանում են որպես ՀՀ թշնամի։ Ռուսական կողմի պարտավորությունն էր ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։ Եթե ինչ-որ «ակտիվիստներ» իրենց գործունեությամբ պետք է փակեին տարածքը, նախ և առաջ նրանց գործողությունները պետք է կանխվեին այսպես ասված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Բայց նրանք միտումնավոր թույլ տվեցին այս իրավիճակը, ոչ միան միտումնավոր թույլ տվեցին, այլ ես կարծում եմ, որ ռուսական կողմն է կազմակերպել այս ամբողջը։ Դա նրանց պատրվակ տվեց ասելու, թե՝ տեսեք, Ադրբեջանն է փակել միջանցքը։ Այսօր էլ պաշտապանում են ադրբեջանական իբրև թե ցուցարարների գործողությունները՝ սրանով իսկ մասնակցություն ունենալով այս դավադրությանը։

Եթե հայ հասարակությունը համախմբվի, եթե Արևմուտքի, միջազգային կառույցների նկատմամբ կարողանա գործադրել ճնշումներ, հայտնել հստակ պահանջներ, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է իրագործվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը որևէ պատժամիջոցի չի դիմանալու և անհապաղ բացելու է միջանցքը։ Եթե Ադրբեջանն իր այսպես կոչված ցուցարարներին հետ քաշի, ռուսական կողմն ինչքան էլ ցանկություն ունենա փակ պահելու միջանցքը, պատրվակ չի ունենա ասելու, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը։ Սա մեր նախաձեռնության կողմից առաջարկված լուծումներից մեկն է։