Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Խեղճ քննիչներն ասել են՝ կներես, գեներալ ջան, կմտնի մեր ընտանիքները»․ Վլադիմիր Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, եւ դատական գործընթացը ցույց կտա, որ սա մի կենդանու երեւակայության արդյունքն է»,-հակակոռուպցիոն դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբոր համար, օրինակ, վարորդ տրամադրել, ինչպես գործի նյութերում է նշված, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ռազմական ոստիկանությունում հրամաններն այն ժամանակ ոստիկանությունը չէր տալիս, այլ նախարարությունը»։

Վլադիմիր Գասպարյանը շեշտեց, որ ինքը դատախազությունից, քննչական մարմիններից եւ դատարանից բողոքելու բան չունի․ «Ես պարզ ասում եմ։ Ստիպված կլինեմ ժամանակակից բառապաշար օգտագործել։ Չեմ ուզում, բայց տեսնում եմ, որ հասարակությունը․․․չեմ ուզում գովազդել այդ երեւույթին, բայց հասարակությունը լսում է այլանդակ, կեղտոտ, լկտի բառամթերքով մարդու։ Անգամ դրան «պարոն» են կոչում։ Հիմա էլ լեգենդներ են պատմում, թե ես, Վազգեն Սարգսյանի հետ, ինքը մտնում դուրս էր գալիս։ Աբսուրդ է, հիմարություն։ Ես այսքան ժամանակ չեմ խոսել, որովհետեւ առողջական խնդիրներ եմ ունեցել, եւ ինձանից պահել են այդ ողջ տեղեկատվությունը։ Այս մի ամսում եմ ստացել տեղեկատվությունը։ Բայց ոչինչ։ Ես գիտեմ, որ ոտքի եմ կանգնելու՝ ի տարբերություն այդ կենդանու, որն աստված է հայհոյում։ Ես աստծո զավակ եմ»։

Ըստ Վլադիմիր Գասպարյանի՝ իր դեմ այս գործը հարուցվել է մեկ անձի ցուցումով․ «Խեղճ քննիչները կրակն ընկած ստիպված գրել են դա։ Ասեմ ինչ են ինձ ասել քննիչները։ Ասել են՝ կներես, գեներալ ջան, կմտնի մեր ընտանիքները, ցավդ տանեմ»։

Հարցին՝ իսկ չեք կարծո՞ւմ, որ հենց նման որոշումների պատճառով է բանակը թուլացել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Ոչ, բանակը չի թուլացել։ Կնստեք նիստին կլսեք։ Ես բանակն ուժեղացրել եմ։ Իմ ժամանակ բանակն ուժեղ է եղել։ Իսկ այ էդ միլիոնների հարցը՝ դատական նիստում։ Կտեսնեք այդ միլիոնները ոնց են նկարվել»։

Հարցին՝ ձեր տունը կվերադարձնե՞ք պետությանը, Վլադիմիր Գասպարյանը զարմանքով պատասխանեց․ «Ոչ։ Ինչո՞ւ»։ Նկատառմանն ի պատասխան, որ ասում են՝ դա կոռուպցիայով է ձեռք բերվել, Գասպարյանը նշեց․ «Գլուխները պատով են տալիս։ Ես բացատրություն տվել եմ։ Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէր նման շքեղ բան սարքել, բայց կարելի էր կահույք գնել ու ծառ ցանել․․․կոռուպցիան դու ես։ Եթե առանձնատներով են որոշելու կոռուպցիա կա թե չէ, ուրեմն կներես տղաս․․․մի քիչ մասնագետ գոնե․․․գլուխը պատին են տվել նրանք, ովքեր նման բան են ասում։ Դատարանում կբացատրվի։ Եթե կտեսնեն, որ մեջը կոռուպցիա կա, այդ ժամանակ այդ հարցը կտաս»։

Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ միջոցներով է ձեռքբերել մեքենան, որը պատրաստվում էր նստել ու հեռանալ։ Միայն հաստատեց, որ պաշտոնավարման ընթացքում է ձեռքբերել․ «Ես քառասուն տարվա սպա եմ։ Դուք ապրում եք իմ ազատագրած երկրում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ