Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում՝ Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին

«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը՝ մինչև նիստը սկսելը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ուշացումով ներկայացավ նիստին, որի միակ հարցով զեկուցելու էր «Ապրանքային նշանների մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարաելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու նախագիծը: 

«Պարո՛ն Գևորգյան, մինչև հիմնական զեկույցին անցնելը խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում, այն էլ այն դեպքում, երբ մենք ընդառաջել ենք՝ զեկուցող է փոխվել և հանձնաժողովի 6 պատգամավորները և մի ամբողջ աշխատակազմ սպասում են ձեզ»,-փոխնախարար Ռաֆայել Գևորգյանին հարցրեց Հակոբյանը:

Վերջինս ներողություն խնդրեց և բացատրեց, որ ուշացումը պայմանավորված էր նախարարական կոմիտեում իր կողմից հարցի զեկուցմամբ և որ հարցի քննարկումը 2:30-ին էր սկսվել, բայց երկար տևեց և ինքն ուշացավ:

Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ուշացման արդեն երկրորդ դեպքն է փոխնախարարի մասնակցությամբ:

«Խնդրում եմ հետայսու Էկոնոմիկայի նախարարությունում դերաբաշխաումն այնպես արեք, որ նախ՝ չգրվի մի զեկուցողի անուն, հետո մեկ ուրիշը զեկուցի, քանի որ փաստաթղթաշրջանառությունն այդպես  է գնում, եթե նախարարական կոմիտեում զեկույց ունեք, տարբեր տեղակալներ ունեք այնպես վերաբաշխեք, որ այս խնդիրը չունենաք»,-հայտարարեց Հակոբյանը և առաջարկեց անցնել հարցի քննարկմանը:

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել,

2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,

3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները,

4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:

5. Օրենքում աշխարհագրական նշումների պահպանության ծավալին վերաբերող դրույթը համապատասխանեցվել է Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները  պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է  ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը  չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետևանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ»: