Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խոսել դիտավորության մասին, այդպիսի տվյալներ գոյություն չունեն, չեն էլ կարող լինել. փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը պնդում է, որ վարույթ իրականացնող մարմինն այս պահին մի քանի վարկած է առաջ քաշել, որոնց ստուգման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Ըստ փաստաբանի՝ դեպքից անմիջապես հետո վարչապետի ՝ կառավարության նիստի ժամանակ ներկայացրած վարկածը այդ վարկածներից մեկն է, նախնականը:

Հովսեփ Սարգսյան

«Եղիշե Հակոբյանը ցուցմունք դեռեւս չի տվել, իսկ չտալու պատճառաբանությունը մեկն է՝ ակնհայտորեն իր առողջական վիճակը թույլ չի տալիս, որովհետեւ դեմքն ու ձեռքերն ամբողջությամբ այրված են: Բացի դա՝ գտնվում է շատ լարված հոգեբանական վիճակում, իսկ այդ վիճակում ցուցմունք տալը ոչ մեկի շահից չի բխում՝ ոչ տուժողների, ոչ էլ վարույթ իրականացնող մարմնի: Բայց նա ցանկություն է հայտնել ցուցմունք տալ հետագայում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կապիտանը, ըստ փաստաբանի, դիրքորոշում չի հայտնել:

Փաստաբանը, անդրադառնալով հրդեհի զոհերից մեկի ծնողների պնդմանը, թե Եղիշե Հակոբյանը վատ, լարված հարաբերություններ է ունեցել զինվորների հետ, երկու օր առաջ կռիվ է այնտեղ եղել, այսպես մեկնաբանեց. «Այդպիսի փաստական տվյալ, որ Եղիշե Հակոբյանը զինվորների հետ ունեցել է վատ հարաբերություններ, այդպիսի փաստական տվյալ գործում չկա: Իրեն առաջադրված մեղադրանքն էլ հրդեհային կանոնների անզգույշ վարվելուն է վերաբերում, հետեւաբար, խոսել դիտավորության մասին, այդպիսի տվյալներ գոյություն չունեն, չեն էլ կարող լինել, առավել եւս, որ Եղիշե Հակոբյանը ընդամենը մի քանի ամսվա ծառայող է եղել, իր հաստիքը կրճատվելու պատճառով է, որ ինքը ինժեներական ծառայության սպայի հաստիքին է տեղափոխվել: Ես առանձնազրույց եմ ունեցել իմ պաշտպանյալի հետ, նման բան ինձ հայտնի չէ՝ վատ հարաբերությունների մասով, չգիտեմ՝ որտեղից են այդ խոսակցությունները, տվյալները: Իսկ եզրահանգումներ անել, թե ով, ինչ գործողություններ է արել ու զինվորների մահվան ու այլ անձանց գործողությունների կամ անգործության մեջ ինչպիսի պատճառահետեւանքային կապ կա, քննությունը դեռ պատասխան կտա: Շատ վաղ է եզրահանգումներ անել, որ դիտավորյալ գործողությունների արդյունք են, առավել եւս այն պայմաններում, երբ որ խիստ նախնական մեղադրանքը անզգույշ մեղքի իմաստով է առաջադրված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ