Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը վերահաստատեց Արցախը «Ադրբեջանի տարածք» ճանաչելու հանձնառությունը

«Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով, և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ», հայտնում է Արմենպրեսը։

Արարատ Միրզոյանն այնուհետեւ ժանրի կանոններով գանգատվել է, որ «Ադրբեջանը» խախտել է եռակողմ թղթերի բոլոր կետերը, չի կատարում ՄԱԿ Արդարադատության դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ եւ այլն։ Հընթացս, Միրզոյանը քպ-ական ագենտուրային բառապաշարում, «մարտահրավերներին ասիմետրիկ պատասխան, իրավունքներ եւ անվտանգություն, ինստիտուցիոնալացում, դնթ մակարդակ, ՀՀ սուվերեն տարածք, էթնիկ զտում», ավելացրել է նոր արտահայտություն՝ «ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու իմպերատիվություն»։

Հայաստանի իրավունքները, տարածքները հանձնելու հանձնառությունը պահանջում է նորանոր, հանրության ականջին խորթ ու խորհրդավոր հասկացություններ՝ մի քանի պարզ բառերի՝ դեօկուպացիա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինքնորոշման իրավունք, կարգավիճակ եւ այլն, արգելքը քողարկելու համար։

ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել Եվրոպական խորհրդարանի զեկույցներին, որոնցում հղում է արվում Արցախի խնդրի կարգավորման՝ ՄԽ համանախագահների ձեւակերպած 2009 թ․սկզբունքներին եւ տարրերին։ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ԱԳՆ մերժել են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարազորության հիմքով Արցախի խնդրի կարգավորման առաջարկները եւ աջակցության կոչ անելով ու ստանալով «ադրբեջանական հասարակությունից», շտապում են իրականացնել «խաղաղ օրակարգը»։