Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարտի 24-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը

Մարտի 24-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում` ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերեւույթ քարոզչական նպատակների համար, եւ դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։