Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արցախի համար համազգային աղոթքի օր է: Եկեղեցիներում մատուցվում է պատարագ, Մայր Աթոռից սուրբ մասունքներ են դուրս բերվել ու տարվել տարբեր թեմեր։

Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասում՝ Անիում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցու անունը կրող եկեղեցում առաջին անգամ բերվել է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը, որն էլ անչափ ոգևորել էր հավատացյալներին։

Սուրբ Հակոբ Մծբնեցու հոգևոր հովիվ Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  սուրբ մասունքը համանուն եկեղեցի բերելը բացառիկ դեպք է, որևէ անգամ չի եղել։

«Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը բերվեց՝ ի զորակցություն մեր երկրի, Արցախ աշխարհի, ի մխիթարություն մեր ժողովրդի․ այսօր բոլորս նույնն ենք՝ զգացումներով, ապրումներով, տխուր բառը նույնիսկ քիչ է այս վիճակը բնութագրելու, անմխիթար ենք, բերվեց, որ հույսի մի շող լինի ժողովրդի համար, հրաշքի ակնկալիք ունենա։

Հրաշքի ակնկալիք ունենք մենք, ես չգիտեմ՝ որտեղ կլինի հրաշքը, բայց վստահ եմ՝ մի տեղ պիտի լինի․ մի անձի մեջ, իր հող ու ջուրը թողած մի ընտանիքում»,- ասաց Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը։

Նա նշեց, որ մեր ազգին այս պահին միասնականությունն է պակասում։

«Ես չեմ հիշում վերջին 30 տարվա մեջ ժողովուրդն այսքան ատելության զգացումով լցված լինի, չարախոս լինի։ Վերջին 1-2 տարվա չարախոսությունն անտանելի աստիճանի է հասել։ Ամեն մեկս չարախոսության մեջ մեղքի բաժին ունենք, չենք ուզում լռել, լռության մեջ էլ մեզ Աստված իմաստություն կտա։

Հավատքը թողել ենք մի կողմ ու չգիտես՝ ուր ենք գնում, չենք ուզում հետ դառնալ, ասել՝ Տեր Աստված, մեր հայրերի իմաստությունը տուր մեզ։ Մեր հայրերի իմաստության կարիքն ունենք հիմա, գուցե իրենք մեզ օգնեն, մեր սրտերի բարեխոսությունը մեզ օգնի։

Վեհափառի նպատակն է եղել սա․ ժողովուրդը զորանալու, բարձրանալու, ազնվանալու, երբեմն չխոսելու, չհայհոյելու կարիք ունի։

Որևէ մեկի ասված խոսքը երկրորդ անձի համար դժվար է լսելը, լսելու ընդունակություն չունենք, բայց խոսելու որքան ասես․ ունեցած, չունեցած արժանիքներից կխոսենք։

Բոլորս միանման ենք դարձել ու համազգային աղոթքի նպատակն է՝ եկեք բոլորս մեզ հաշիվ տանք՝ ուր ենք հասել, մի պահ կանգ առնենք, մի պահ մտածենք, մի պահ մեր հայացքը երկինք տանենք, մի պահ Աստծո ողորմածությունը խնդրենք։

Նաև Խաչի տոնն է, խաչն ամեն ինչից առաջ նշանակում է  սեր, եթե ուզում ես մեկին սիրելի, քո համար դժվարության ճամփա պիտի ընտրես, չես կարող մեկին սիրել՝ առանց քեզ նեղություն տալու, առանց զոհաբերվելու, առանց քո ժամանակը տալու, Աստծուց քեզ տված շնորհից  մասեր բաժին հանելու, չես կարող, սա՛ է սերը։

Պողոս Առաքյալն ասում է․ «Ես ինչով պարծենամ, եթե քո Տիրոջ խաչով»։ Այս խոսքերի մեկնաբանությունը հիմա մենք զգում ենք։  Ասում է՝ ես այս ծանր հոգեբանական ապրումների մեջ ինչով պարծենամ՝ անցյալո՞վս, ներկայո՞վս, ապագաս էլ անորոշ է, բայց ասում է՝ Տերը տվել է զոհաբերվելու շնորհ, դրանով ես պարծենում եմ, խաղաղվում եմ, հպարտանում եմ։

Հիմա մենք էլ պիտի պարծենանք, եկել են, ազնվորեն ես չեմ կարող նայել այդ մարդկանց դեմքերին, վախ կա, սարսափ կա, ու ես ամաչում են նրանց դեմքերին նայել,ասում եմ՝ Տեր Աստված, տուր ինձ սեր, որ ես սիրով նրանց նայեմ, գոնե սեր տամ իրենց, ուրիշ ոչինչ։

Ինքը չգա իմ մոտ մի բան խնդրելու, եթե ես մի բան ունեմ, ես տանեմ, իրեն տամ, ընկած վիճակից հետո չգա, խնդրի, այլ  ես գնամ իր մոտ, սրանք տարբեր բաներ են։

Մենք վերջին 10 ամսում չենք հասկացել՝ ինչ է անոթի լինելը, իսկ իրենք կրակի ու դժոխքի միջով են անցել, մենք մեծ ենք, չենք կարող դիմանալ, բա այդ անմեղ երեխեքը․․․ Ուրեմն եկեք այսօր մեզ համար սիրո օր դարձնենք, Արցախից եկած մեր հարազատին, մեր եղբորը, քրոջը, մեր մեծին, մեր փոքրին՝ իբրև մեր սրտակից հարազատ, մեր սիրտն իրենց վիրավոր սրտին մոտ տանենք,մեր սրտում եղած ջերմությունն իրենց փոխանցենք»,- ասաց հոգևոր հովիվ Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը։

Նա նաև ներկայացնելով ու մեկնաբանելով այսօր նշվող Վարագա խաչի տոնի (խաչին նվիրված չորս տոներից Վարագա խաչի տոնն ազգային արժեք ունի, մյուս երեքը՝ համաքրիստոնեական են) պատմությունն ու իմաստն՝ ասաց, որ այն մեզ  նշան է տվել՝ ամեն ինչ վերջացած չէ, ամեն վերջի կողքին մի սկիզբ կա, պտի սկիզբը փնտրենք, բայց այս անգամ ճիշտ կերպով պիտի փնտրենք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ