Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեկն ասում էր՝ Նիկոլն է մեղավոր, մյուսը՝ մեղք չունի, մեկն ասում էր՝ էշ առնենք, մյուսն ասում էր՝ զենք». Աղավնոն՝ Կարեն Ավետիսյանի աչքերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը օրերս ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ էր հրապարակել Աղավնոյից:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչ զգացողություններ է ունեցել, ինչ է տեսել, ինչն է տպավորվել:

Կարեն Ավետիսյան

«Ցավոք, իրականություն այնպես է դասավորվել, որ ոչ մեկը չգիտի՝ հաջորդն ով է լինելու… Այսինքն, յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, միավոր չի կարող ապահովագրված զգալ: Օրինակ, Աղավնոյի դեպքում էլ այդպես էր. ժամանակին այնտեղ էլ չկար մտավախություն, որ հերթը իրենց էլ է հասնելու:

Երկրորը՝ տխրությունը կապված էր անգամ ոչ այնքան ողբերգության փաստի հետ, որ էսպես թե էնպես օրը գալու է 20-ին կամ 25-ին, այլ այն բանի հետ, որ գրեթե ոչ մի կողմից չկա որեւէ աշխատանք, որը տարվում է այդ մարդկանց հետ: Իհարկե, կան նշանակված փոխհատուցման չափեր, ինչ-որ ընթացակարգ, բայց, ընդհանուր առմամբ, շատ հախուռն է ամեն ինչը տեղի ունենում՝ առանց որեւէ համակարգվածության:

Աշխատանք ասելով նկատի ունեմ այն, որ գոնե, օրինակ, 100-200 ընտանիքի մոտ փոքր մոդելի մեջ լինի ընդհանուր պատկերացում, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում, ինչ տարբերակներ կարող են լինել: Պարզ է, որ այդ տարբերակներից ոչ մեկը դուրեկան չի լինելու, բայց ամեն դեպքում սթափ գիտակցություն ինչ-որ մի ընդհանուր բանի շուրջ կլինի… Ու երբ մտնում ես տներն ու խոսում ես, շատերի մոտ տարբեր կարծիքներ են, տարբեր սպասելիքներ, տարբեր ակնկալիքներ, տարբեր մեղավորների մատնանշումներ են: Եվ երբ մի քանի տան կտրվածքով այդ հախուռնությունը պրոյեկտում ես մեծ մասշտաբի վրա՝ մեծ համայնքի, մեծ քաղաքի, մեծ երկրի, չհամակարգվածության սարսափը շատ ավելի ակնառու է դառնում ու վտանգավոր: Դա է, որ առաջինը գալիս է մտքիս, մյուսն էլ հուսալքվածությունն է, որն ամենասարսափելի իմպուլսն է: Բուն պատերազմական գործողություններից շատ ավելի տհաճ է անիմանալիությունը, հուսալքվածությունը, անտերության զգացողությունն ու անտեսված լինելը»,-ասաց Կարեն Ավետիսյանը:

Հարցրինք՝ կա՞ որեւէ դրվագ, պատկեր, որ ամենաշատն է իր վրա ազդել: «Երկու նման բան կարող եմ նշել: Մեկն այն է, որ նույն ընտանիքում հայրը մեղադրում էր օրինակ, Նիկոլին, իսկ որդին ասում էր՝ Նիկոլը մեղավորություն չունի: Կողքի տան մեջ մեկը համարում էր, որ առաջնահերթությունն այն է, որ պետք է էշ գնել, որ ձմռանը փայտ կրի, նույն ընտանիքում մյուսն ասում էր՝ ոչ թե պետք է էշ առնել, այլ զենք, որ թուրքին դիմակայել: Մեկ ուրիշ տան մեջ մի տարիքով մարդ տունը տեղափոխելիս ասաց՝ որ Երեւանում կամ ինչ-որ մի տեղ մուրացկանին փող եք տալիս, դեմքը չի տպավորվում, չէ՞: Ասացի՝ չէ: Ասաց՝ մուրացկանների դեմքերը որպես կանոն չեք հիշում…Ասաց՝ խնդրում եմ, որ իմ դեմքը էսօրվանից ֆիքսեք, որովհետեւ կգա օրը, երբ դուք ինձ կտեսնեք Երեւանի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի կամ մեկ այլ բնակավայրի փողոցներում փող մուրալուց: Խնդրում եմ, որ փողը տալիս՝ դեմքիս նայեք»:

Հարցին՝ իր ընկալմամբ, մեզ ինչը կսթափեցնի, խելքի կբերի, Կարեն Ավետիսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ինձ թվում է՝ իրականության հետ առերեսումը, բայց լայն իմաստով, այսինքն` ոչ թե թեւաթափ լինելը, պարտվողականությունը, այլ սթափ եւ սառնասիրտ ձեւով իրականությունը, ինքներս մեզ ու իրավիճակը ընդունենք այնպիսին, ինչպիսին, որ կա ու հետո մեր մնացած աշխատանքները տանենք այդ ելակետից: Ցավոք, այն հիմնարար կետը, որի վրա պետք է մնացած ամեն ինչը շարունակվի, միշտ խեղաթյուրված է լինում, ի սկզբանե դրա հետ կապված այնքան խաղեր են լինում, որ սկզբնապատկերը աղճատված է լինում, հետեւաբար դրա վրա կառուցվելիք մնացած ամեն ինչը դեֆորմացվում ու շարունակում է լինել աղճատված»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Կարեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից