Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը

Լոռու մարզում մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ0+000 – կմ7+183 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183 կմ-ը ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքերն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ուղիները։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Նշվում է, որ ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։

Շինարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։ Նշվում է. որ գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Ճանապարհի նորոգումը կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի մեծացմանը։