Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով. Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվել է զինվորների օրհնության կարգ

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որից հետո իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:

Սուրբ պատարագի ավարտին զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Նավասարդ սրբազանի նախագահությամբ՝ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության աղոթք բարձրացրեց առ Աստված:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, դիմելով զինվորներին և բոլոր ներկաներին, նշեց, որ այս նվիրական պահին միաբանողն ազգային սերն է:

«Այն սերը, որ կարող է բնորոշվել  մեկ հասկացությամբ՝  հայրենասիրություն, եղբայրասիրություն և միաբանություն: Սիրելի՛ զավակներ,  դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու, և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ:

Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Միշտ հիշեք մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրում հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին  անմնացորդ նվիրաբերելու համար»,- ասել է Նավասարդ Սրբազանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն  20 զինծառայողներ պարգևատրվեցին թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով: