Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մենք կկորցնենք Թեժ լեռը». հանրային քննարկումը ձախողվել է. մեղրաձորցիները դեմ են ալյումինի հանքավայրի շահագործմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրաձոր համայնքում հնարավոր է առաջիկայում ալյումինի հանքավայր շահագործվի. այս մասին ահազանգում են մեղրաձորցիները: ArmLur.am-ին դիմած մեղրաձորցի բնակիչները նկատեցին, որ եթե թույլատրվի ալյումինի հանքավայր շահագործել, ապա «մենք կկորցնենք Թեժ լեռը»: Բացի այս, նրանց խոսքերով, վտանգի տակ են նաեւ Հանքավանի ձորն ու Մարմարիկ գետը: Պարզվում է՝ մի քանի տարի առաջ դարձյալ փորձել են ալյումինի հանքավայր շահագործել, բայց բնակիչները դեմ են եղել եւ թույլ չեն տվել: Նշենք, որ «Ամ Արտ Շին» ընկերությունը նախատեսում է Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրություն իրականացնել: Խոսքը ալյումինի հումքի մասին է։ Ի դեպ, տեղեկացնենք, որ «այս ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել՝ 2022-2025թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար»։ Իսկ նախագիծը ներկայացված է ՇՄԱԳ փորձաքննության։

Երեկ Մեղրաձորում այս թեմայի շուրջ պետք է տեղի ունենար հանրային քննարկում: Սակայն Armlur.am-ը տեղեկացավ, որ այն չի կայացել. Բնակիչները դեմ են արտահայտվել:

Մեղրաձորի վարչական ներկայացուցիչ Վոլոդյա Հովհաննիսյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղրաձորցիները թույլ չեն տվել ընկերությանը ամբողջությամբ ներկայացնել նախագիծը:
«Հանրային քննարկում տեղի ունեցավ, բայց նորմալ չանցավ: Մարդիկ չհասցրեցին բացատել, թե ինչ են ուզում անել, ինչ մեխանիզմով: Մեծ հաշվով կարելի է ասել, որ երեկվա հանրային քննակումը նորմալ արդյունք չտվեց, որովհետեւ բնակիչների կեսը դեմ են, չնայած որ դեռ մասնագիտական հիմնավորում չունենք, թե ինչի ենք դեմ: Ես խնդրել եմ մասնագետներին, որ ուսումնասիրեն, որպեսզի մենք վերջնական հասկանանք՝ իրականում այն ինչ է մեզ տալու եւ ինչ է մեզանից վերցնելու»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ներկայացուցիչը:

Մեր զրուցակցի խոսքով, ալյումինի հանքավայրի շահագործման հարցում անգամ ինքը չի կողմնորոշվել. «Ես ինքս էլ դեռ չեմ կողմնորոշվել, սպասում եմ իմ իմացած մասնագետների վերջնական եզրակացությանը, թող ապացուցեն վնա՞ս է, թե՞ օգուտ»:
Թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրային քննարկումը, դեռ հայտնի չէ: Բայց  Armlur.am-ին մեղրաձորցիները փոխանցեցին, որ շարունակելու են մինչեւ վերջ պայքարել, քանի որ դեմ են հանքավայրի շահագործմանը:

Սյունէ Համբարձումյան