Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մենք զինվորներ ենք ու մեր ֆրոնտը շատ կարևոր է». երիտասարդ գիտնական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք զինվորներ ենք ու մեր ֆրոնտը շատ կարևոր է։ Գիտնականները մարտի դաշտում են ու մեր ուսերին շատ մեծ բեռ կա, ուղղակի պետք է դա գիտակցել ու փորձել այդ բեռը համակարգված առաջ տանել։ Քեզանից հետո բան թողես․ անկախ նրանից, թե որքան ես մնալու ու որքան է տևելու քո գիտական գործունեությունը, պետք է նպատակին ծառայի»,- «ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասում է երիտասարդ գիտաշխատող Հովհաննես Ասատրյանը։

26-ամյա Հովհաննես Ասատրյանը ծնվել և բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։ Հովհաննեսն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, բացի այդ՝ ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների միավորման անդամ, ասպիրանտ։ Հովհաննես Ասատրյանը որպես երիտասարդ գիտաշխատող արդեն հաջողություններ է գրանցել․ «Հեղինակել եմ գիտական հոդված, որը ինդեքսավորում անցնող հեղինակավոր Scopus ամսագրում է տպագրվել։ Դա բավականին բարդ պրոցես է․ շատ երկար է տևում, աշխատանքդ իրոք պետք է լավը լինի, ստանդարտներին բավարարի, միշտ չէ, որ կարողանում ես տպվել, մերժումներ էլ են լինում։ Քանակական գնահատում եմ անցկացրել և փորձել եմ որոշել, թե խաղողի մթերման գներն ինչպես են ազդում ճյուղի զարգացման վրա»։

«ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարը պատմում է Հայաստանի գիտության ոլորտում աշխատող երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մասին, նրանց ձեռքբերումների, ոգեշնչման աղբյուրների և վախերի։ Հաղորդաշարը ներկայացնում է գիտնականին, թե ինչպիսին է նա և հանրության համար բացահայտում գիտնականի նոր կերպար՝ կարծրատիպերից դուրս։

Հովհաննեսը խոսում է նաև գիտության ոլորտում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ վերջին տարիներին իհարկե բարելավումներ եղել են՝ բարձրացել է աշխատավարձը և այլն, միևնույն ժամանակ՝ դեռ կան չլուծված հարցեր։ Որպես երիտասարդ գիտաշխատող նշում է, որ վճարովի գիտական շտեմարաններից օգտվելն է խնդիր, քանի որ բավարար միջոցներ հատկացված չեն, լեզվական խնդիրը կա, քանի որ ոչ հաճախ է անգլերեն թարգմանությունը լինում գիտական թարգմանություն։ «Գիտությամբ հնարավոր է ապրել նորմալ, բարեկեցիկ կյանքով, միջին կենսամակարդակով, բայց դժվար է, որովհետև հնարավորությունները քիչ են, սահմանափակ են և ոչ միշտ են հասանելի»,- ասում է նա։

Հովհաննեսը փորձում է կոտրել կարծրատիպերը, որոնք ձևավորվել են «գիտնական» գաղափարի շուրջ․ «Հնարավոր է, որ լինի Հայաստանում երիտասարդ, ով ապրում է գյուղում, զբաղվում է գիտությամբ սիրով, ու նաև հետաքրքրված է ժամանակակից կյանքով, շփման մեջ էլ է հետաքրքիր, սիրուն հագնվում է։ Պետք է փոխվի այդ վերաբերմունքը վերջապես, որ մարդ կարող է լինել գիտնական ու շատ հետաքրքիր ու վառ կերպար լինի։ Ինձանից ավելի վառ կերպարներ էլ կան։ 21-րդ դարում մարդ պետք է ձգտի լինել տարբերվող, ոչ թե մերժես շրջապատող աշխարհը, այլ՝ տարբերվես»։

Խոսելով ապագայի և գիտությամբ ապրելու մասին, Հովհաննեսն անկեղծորեն պատասխանում է․ «Կարծում եմ և՛ ես, և՛ մյուս բոլոր երիտասարդ գիտաշխատողներն այդ ապագայի անորոշության ու վախի զգացումն ունենք։ Մտավախությունները միշտ կան, բայց դա պետք է լինի իրատեսական, այսինքն չլինի չափազանցված ու բացասական ֆոնի վրա։ Որքան հնարավոր է կպայքարեմ, որ հնարավորինս չտեղափոխվեմ այլ ոլորտ և գիտությունը չդադարեցնեմ իմ կյանքում։ Մի բան կա, որ իմ մեջ միշտ եղել է՝ երազանք ու համոզմունք, որ ես պետք է ապրեմ հետաքրքիր կյանքով»։

Հաղորդումն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի շրջանակներում։ Նախագծի հեղինակը լրագրող Մարիամ Տաշչյանն է, պատրաստել է Մեդիա Ասոցիացիա ՍՊԸ, 2023թ․։

Մամուլի հաղորդագրություն