Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ
ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային
ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր
կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է
«Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական
փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են
կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները
լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ
պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: