Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միակ տարբերակը զինված ուժերի միջոցով հարցը լուծելն է

Lragir.am-ի զրուցակիցն է գեոդեզիստ-քարտեզագիր Շահեն Շահինյանը

Սյունիքի մարզում հայկական տարածքներ են օկուպացվել, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, թե «տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ»։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

Առաջին փաստը, որը պետք է արձանագրենք, այն է, որ սա հերթական ագրեսիան է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Երկրորդ, ինձ համար շատ ցավալի էր տեսնել ԱԱԾ հայտարարությունը, որ քարտեզագիրներն աշխատելու են պոստ-ֆակտում, այսինքն՝ փաստը տեղի է ունեցել, նոր իրենք սկսել են աշխատել։ Եթե նախորդ տարվա օգոստոսից տեղեկացված էիք, որ պետք է այդ հատվածում փոփոխություն լիներ, ինչո՞ւ նախորդ տարվա սեպտեմբերին այդ դիրքերը չեք կառուցել։ Երրորդ, եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ միջանցքի երթուղու փոփոխության հետևանքով պետք է այդ տարածքը փոխանցվեր ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչո՞ւ հենց այդ պայմանավորվածության ժամանակ չի փաստաթղթավորվել, թե որտեղով պետք է անցի սահմանը։ Նախորդ օրը մենք ուսումնասիրել ենք այդ տարածքի՝ մեզ հասանելի քարտեզները։ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիները Հագարի գետն անցել են և կամրջից մոտ 300 մետր խորացել են դեպի այս կողմ։ Այնտեղ սահմանի մի հատվածն անցնում է հենց գետով։ Ընդ որում, նոր կառուցված կամուրջը 50 տոկոսով գտնվում է հայկական վերահսկողության տակ, 50 տոկոսով՝ ադրբեջանական՝ համաձայն ԽՍՀՄ 70-ական թվականների քարտեզների։ Իսկ մնացած հատվածների վերաբերյալ քարտեզներում կա որոշակի խնդիր։ Մենք որպես մասնագետներ այսպիսի մի փաստ ենք արձանագրել, որ կա սահմանագծի հատված, որն ըստ այդ քարտեզների՝ անցնում է բլուրների, բարձունքների լանջերով։ Սակայն քարտեզագրական պարզ տրամաբանությամբ նմանատիպ բան չի կարող լինել, սահմանագիծը պետք է անցնի կամ ձորակով, կամ բարձունքների գագաթներով։ Ես երկու հանգամանքով կարող եմ սա բացատրել։ Առաջինը՝ դա պայմանավորված է քարտեզների այն մասշտաբով, որը մենք օգտագործում ենք, մեզ հասանելի են 100 հազար և ավելի մանր մասշտաբի քարտեզները։ Իսկ եթե վերցնենք ավելի խոշորամասշտաբ, օրինակ, ռազմական 25 հազար կամ 10 հազար մասշտաբի քարտեզները, կարող է այնտեղ ավելի հստակ լինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ դա կարող է լինել դավադրություն։ Եթե քարտեզագիրներն ուսումնասիրեն այդ հատվածը, կտեսնեն, որ երկու հատվածում սահմանագիծը գծված է այնպես, որ հայկական տարածքն ընկնում է բարձունքից ներքև, իսկ ադրբեջանական տարածքը՝ բարձունքից վերև։ Դավադրություն ասելով՝ խոսքս սովետական միության տարիների մասին է։

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ից առաջվա ժամանակահատվածի քարտեզներին, միանշանակ կան արխիվային փաստաթղթեր, որոնք փաստում են, որ այդ տարածքները եղել են Հայաստանի Հանրապետության տարածք՝ նախքան Հայաստանի՝ ԽՍՀՄ մուտք գործելը։ Անգամ մինչև 1926 թվականն այդ տարածքները եղել են Հայաստանի տարածք, որոշ հետազոտողներ նույնիսկ նշում են մինչև 1932 թվական տարեթիվը։ Հետագայում ԽՍՀՄ տարբեր ժամանակահատվածում այդ տարածքները մաս-մաս փոխանցվել են ադրբեջանական կողմին։

Ի՞նչ փաստեր կարող է հայկական կողմը ներկայացնել՝ ապացուցելու, որ դրանք հայկական տարածքներ են։

Մենք մասնագիտական լծակներ շատ ունենք, սակայն պետք է հասկանալ, որ մասնագիտական լծակներն աշխատում են քաղաքակիրթ, պայմանավորվելու պատրաստ կողմի հետ։  Իսկ այն կողմը, որը չի ուզում պայմանավորվել, սուրը ճոճում է և ասում՝ ես ձեզ կմորթեմ, իր հետ ոչինչ չեք կարող պայմանավորվել։ Ադրբեջանական կողմը մինչ օրս չի արել ոչ մի հայտարարություն, որտեղ ինքը կարտացոլեր պայմանավորվելու իր ցանկությունը։ Բոլոր հայտարարությունները ռազմատենչ են, և իրենք պատրաստ չեն մասնագիտական կամ որպես հարևան քննարկման։ Ես շատ կուզեի, որ այս հարցերին պատասխանեին սահմանազատման հանձնաժողովի մասնագիտական խմբի անդամները, ովքեր զբաղվում են այդ քարտեզներով։ Առաջին հերթին ինչո՞ւ չի արվել այս կանխատեսումը, ինչո՞ւ չեն ձեռնարկվել նախնական քայլեր, որպեսզի կանխվեր այս ամենը։ Երկրորդ, մի քանի օր է՝ դեպքը տեղի է ունեցել, ինչո՞ւ այդ հանձնաժողովը մինչ օրս հանդես չի եկել հայտարարությամբ։ ԱԱԾ-ի խոսքը մասնագիտական չէ, ԱԱԾ-ն ըստ էության միայն նշեց, որ իրենք  ցանկանում են էսկալացիայի չգնալ։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիայի չգնալ, բայց ձեր դիմացի կողմը գնում է դրան, ապա դուք հայտնվում եք տուժողի կարգավիճակում։

ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ «տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է, իրականացվում են սահմանի ճշգրտման աշխատանքներ»։ Ինչի՞ հիման վրա են իրականացվում այդ աշխատանքները։

Սա շատ լղոզված ձևակերպում է, մինչև հստակ չլինի տեղեկություն, թե որտեղ են տեղակայվել, ինչի հիման վրա է որոշվել սահմանագիծը։ Ինձ համար ԱԱԾ վերջին հայտարարությունն ընդամենը սուր իրավիճակը մի փոքր հարթելու փորձ է։ Սակայն ես մտավախություն ունեմ, որ այդ սուր իրավիճակը հարթվելու է ի վնաս հայկական կողմի։

Դուք ասում եք՝ Ադրբեջանն այն կողմը չէ, որի հետ կարելի է քաղաքակիրթ պայմանավորվել, հետևաբա՞ր․․․

Հետևաբար, միակ տարբերակը զինված ուժերի միջոցով հարցը լուծելն է։ Մենք հիմա ունենք երկու տարբերակ՝ դիվանագիտական ճանապարհ, որտեղ պետք է ներառվեն և մեր ԱԳՆ ներուժը, և միջազգային հանրության ճնշումները։ Երկրորդ ճանապարհը ռազմական լուծումն է, քանի որ միջազգային իրավունքի շրջանակներում մենք ունենք իրավունք ռազմական ճանապարհով պաշտպանելու մեր տարածքը, մեր բնակչության կյանքի ու այլ իրավունքները։