Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միջազգային հանրությունը աներկբա ընդունել է, որ կա Արցախի հիմնախնդիրը, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան

Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը հակասահմանադրական է։ Այս մասին Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Անցյալ տարի ապրիլի 13-ին այս ամբիոնից ՀՀ վարչապետը կատարեց հետևյալ հայտարարությունը՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապհովենք Հայաստանի և Արցախի շուրջ»։ Հակառակ դեպքում, նա ասում էր, միջազգային հանրությունը պատրաստ չէ մեզ օգնել։ Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ ՀՀ քաղաքականության առումով։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրություն ասելով՝ վարչապետն այդպես էլ չպարզաբանեց, թե ում մասին է խոսքը։ Բայց ակնհայտ էր, թե այդ միջազգային հանրության տակ վարչապետն ինչ նկատի ուներ։ Չմոռանանք, որ այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել բրյուսելյան եռակողմ հանդիպումը։ Մենք պետք է հասկանանք, թե այդ հայտարարությունը կառավարության քաղաքականության ու ծրագրի որ մասն էր ապահովում։ Չէ՞ որ 2021 թվականի ընտրություններից հետո կառավարության ծրագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել էր, որ իր գլխավոր, հիմնական խնդիրը լինելու է Արցախի հիմնախնդրի լուծումը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, հիմնարար այն փաստաթղթերի մեջ ամրագրված սկզբունքների հիման վրա։ Եվ այդ ամենից հետո հանկարծ 2022 թվականին ասվում է, որ մենք պետք է նշաձողն իջեցնենք։ Չոռանանք նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նույն այն վարչապետը, ով խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, հստակ հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Հիմա, 2021 թվականին մենք ասում ենք՝ կա ինքնորոշման իրավունք, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, 2022 թվականին մենք ասում ենք՝ նշաձողն իջեցնենք, իսկ նշաձողն իջեցնելուց հետո անում ենք տարբեր հայտարարություններ և ի վերջո այլևս մոռանում ենք ինքնորոշում հասկացությունը, մոռանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացությունը և խոսում ենք միայն ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Կարգավիճակի մասին այլևս որևէ խոսք չկա, արդյոք ՀՀ այսօրվա իշխանություններն իրավունք ունե՞ն նման ձևով մոտենալ Արցախի հիմնահարցին։ Ոչ, չունեն, դա հակասահմանադրական է առաջին հերթին։ ՀՀ-ն, որն ստեղծվել է 1990 թվականի Անկախության հռչակագրով, հստակ ամրագրել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը։ Դա ամրագրված է հռչակագրում, իսկ հռչակագիրը հիմք է հանդիսացել մեր պետականության ստեղծման համար, մեր պետականության հիմնադիր փաստաթղթի՝ Սահմանադրության համար։ 1995 թվականի Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ ելնելով Հայաստանի Անկախության հռչակագրից՝ հայ ժողովուրդն ընդունում է այս Սահմանադրությունը։ Այս դրույթները անբեկանելի են և չեն կարող որևէ ձևով քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ ի չիք դառնալ, վերացվել։ Եվ ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի այդ սկզբունքներից հրաժարվել։ Ցանկացած պայմանագիր, որը ՀՀ-ն կարող է կնքել այդ առումով, կլինի հակասահմանադրական և իրավական հեևանքներ չի կարող առաջացնել ՀՀ համար»,- ասաց նա։

Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ որևէ ձևով անընդունելի է որևէ միջազգային իրավական փասատաթղթերում այն նշումը, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ «Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Արցախը չճանաչված պետություն է, և վարչապետի հիմնական հիմնավորումը դրանում է կայանում, որ ամբողջ աշխարհը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, մենք պետք է մյուս կողմից շատ պարզ հասկանանք, որ նույն միջազգային հանրությունը աներկբա ընդունել է, որ կա Արցախի հիմնախնդիրը, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Եվ այդ միջազգային իրավունքի սկզբունքները կոնկրետացվել են Մադրիդի փաստաթղթում, էլ ավելի են հստակեցվել բանակցային այն ամբողջ գործընթացի ժամանակ, երբ հստակեցվեց, որ հիմնախնդրի լուծման հիմնական սկզբունքներից մեկը նաև ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Եվ այդ ազգերի ինքնորոշման իրավունքը կոնկրետացում ստացավ 2016 թվականի փաթեթային առաջարկություններում, որտեղ նշվում էր, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա եզակի երևույթ էր միջազգային իրավական պրակտիկայում, երբ ինքնորոշման իրավունքը ճանաչվում էր անջատման միջոցով։ Այդ ժառանգությունը, որն ստացել էին Հայաստանի այսօրվա իշխանությունները, այսօր Հայաստանի կառավարության քաղաքական մեծամասնության ապաշնորհ քաղաքականության պատճառով զրոյացվել են։ Եվ ՀՀ իշխանությունը իր հակասահմանադրական քայլերով, կառավարության ծրագրի առանցքային դրույթ հանդիսացող Արցախի ինքնորոշման սկզբունքից հրաժարվելով, Հայաստանի ու Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովումը ձախողելով, ամբողջությամբ սպառել է լեգիտիմության իր պաշարը։ Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է հասկանա այս իրողությունները ու համապատասխան քայլեր ձեռնարկի։ Այդ հարցում մեզ համար օրինակ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի այն պայքարը, որն ինքը մղում է իր արժանապատվության ու անկախության համար»,- հավելեց նա։