Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մոսկվան աջակցում է Հայաստանի դեմ Բաքվի ռազմական օրակարգին»

Բաքվի հայտարարություններն ու նախաձեռնություններն ակնհայտորեն միտված են ռազմական գործողությունների համար հող նախապատրաստելուն։ Բաքվում տեղեկատվական ֆոնը կառուցվում է «հայկական ռեւանշիզմի», հայկական կողմի մեղքով խաղաղ բանակցությունները փակուղի մտցնելու, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում համաձայնությունները խախտելու թեզերի շուրջ, երբեմն համեմված «հակառուսական» երանգներով, ինչն անհրաժեշտ է հայերի շրջանում ռուսական հույսերը պահելու համար։ Սոչիի կլոունադան ու ՀԱՊԿ երեւանյան հավաքն ամբողջացնում են այս պատկերը։

Բաքվում նշում են, որ այս ամենը ակտուալ է դարձնում Բաքվի ռազմական օրակարգը, որին Մոսկվան լոյալ է վերաբերվում։ Միեւնույն ժամանակ, նկատելի է, որ այդ օրակարգը Բաքուն փորձում է ընդունելի դարձնել նաեւ այլ հարթակներում։

Ռուսական եւ պաշտոնական, եւ այսպես կոչված լիբերալ «հակապուտինյան» զլմ-ներում նոր թափով է ծավալվում հակահայ քարոզչությունը, կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը եւ ընդհանրապես հայկական պետականության օրինականությունը։ Այս հարցում էլ, ինչպես միջանցքների ու հայկական տարածքների օտարման հարցերում, դրսեւորվում է Մոսկվայի ու Բաքվի լիակատար ներդաշնակությունը եւ համակարգումը։

Իր հերթին, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ալիքներում քննարկվում է այն հարցը, որ Ուկրաինայում անհաջողությունները Կրեմլը փորձելու է փոխհատուցել հետխորհրդային երկրներում հաղթական արշավով, մասնավորապես՝ Բելառուսի ինկորպորացիա, որի հետ է կապվում այդ երկրի ԱԳ նախարար Մակեյի հանկարծակի մահը, Վրաստանում ռազմական ուղիղ միջամտություն եւ Հայաստանի «փրկություն»։ Բայց որպեսզի ոտքից գլուխ պրոռուսական համարվող, «ծանր վիճակում» գտնվող Հայաստանը փրկվի, պետք է ինչ որ մեկը հարձակվի։ Երեւի բոլորին է հասկանալի, թե ով է Մոսկվայի պլաններում 100 տարի կատարում այդ դերը։

Մոսկվան Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերին թուրքերի հետ ռազմական արշավով մեկնարկեց իր ծրագրերի ավարտական փուլը, որը պետք է հանգուցալուծվի հայկական պետականության վերացմամբ՝ ՀՀ տարածքների օտարումով ու հայաթափությամբ։ Հայաստանում հանվել են հնարավոր ու անհնար «փորձագիտական-քաղաքագիտական» ռեզերվները՝ այս ծրագրերի քարոզչական համապատասխան դամը պահելու, դրանք սպասարկելու համար՝ ռուսական անայլընտրանքայնության ընդգծմամբ։

Թշնամական ծրագրերը պարտադիր չէ, որ իրականանան, արդեն իսկ այդ քարոզչությունը Հայաստանում տապալվել է, չնայած տրամադրված ահռելի մեդիա-ֆինանսական ռեսուրսին։ Ով է ստանձնելու ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։

Կարդացեք նաեւ Ինչ կլինի, եթե այս անգամ Բաքուն հրաժարվի ներխուժումից