Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նազարբաևը Նուր-Սուլթանում բացել է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մասնակցել է հանրապետության մայրաքաղաքում նոր մզկիթի բացման հանդիսավոր արարողությանը։ Կառույցը դարձել է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է ղազախական Kazinform լրատվական գործակալությունը:

«Այս սուրբ ուրբաթ օրը մեր մայրաքաղաքում մենք բացում ենք գեղեցիկ մզկիթ։ Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև մեր բոլոր բնակիչների՝ մուսուլմանների համար»,-Նազարբաևի խոսքերը մեջբերել է լրատվական գործակալությունը։

Ինչպես նշել է Ղազախստանի առաջին նախագահը, երկրի անկախության տարիներին բազմաթիվ նոր շենքեր են կառուցվել մայրաքաղաքում։

«Անկախությունից հետո մենք մզկիթներ ենք բացել երկրի բոլոր շրջաններում: Թող Ալլահը լսի բոլոր աղոթքները, որոնք կարդում են այս մզկիթներում: 2019 թվականի մարտին իմ լիազորությունների դադարեցման նախորդ օրը ես դրեցի մզկիթի առաջին աղյուսը: Իմ հետ էր երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը»,-հիշեցրել է Նազարբաևը։

Նշվել է, որ մզկիթը կդառնա ամենամեծը Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում։ Նրա հիմնական գմբեթի բարձրությունը գրեթե 90 մ է, իսկ մինարեթները բարձրանում են մինչև 130 մ։

Մզկիթի շինարարությունը սկսվել է 2019 թվականի գարնանը՝ Նազարբաևի նախաձեռնությամբ։ Շենքը գտնվում է 10 հա հողատարածքի վրա։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 68 հազար քառակուսի մետր։ Մզկիթի ընդհանուր տարողունակությունը 235 հազար մարդ է, որոնք կարող է ներկա գտնվել այնտեղ միաժամանակ։ Մարդկանց տեղավորելու առումով Նուր-Սուլթանի մզկիթը աշխարհի խոշորագույն մզկիթների տասնյակում է: