Armenia

Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ իր թիմի զոհը. Արման Բաբաջանյանը` «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու նախաձեռնության մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս իր ֆեյսուբքյան ուղիղ եթերում հայտարարեց «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու նախաձեռնության մասին։ Շարժման ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել:Aravot.am-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանն ասաց, որ պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում։ Նման նախաձեռնությամբ հանդես գալու դրդապատճառների եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցել է Արման Բաբաջանյանի հետ:

– Պարոն Բաբաջանյան, Դուք հայտարարեցիք «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու նախաձեռնության մասին: Ե՞րբ պաշտոնական տեսք կստանա այդ գործընթացը եւ ինչը ստիպեց նման նախաձեռնություն սկսել:

– Դեռևս դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չեմ արել, դա կարծում եմ կլինի առաջիկայում: Բայց դրանք տեխնիկական դետալներ են, կարևոր է այն գաղափարական հիմքը, որն ինձ դրդել է հանդես գալ նման նախաձեռնությամբ։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել զգալի չափով նաև այն պատճառով, որ քաղաքացիներն ավելի քան երկու տասնամյակ` գտնվելով բռնաճնշումների, կեղեքումների, նվաստացումների բեռի տակ՝ ցանկանում էին երկրում արդարության, արդարադատության վերականգնում ու հաստատում։

Արդարության հաստատմանն էին վերաբերում նաև հեղափոխական հարթակից հնչող հռչակումների, կարգախոսների մեծ մասը։ Անմիջապես հեղափոխությունից հետո օրակարգ եկավ առաջին հերթին դատավորների շրջանում համատարած վեթինգ իրականացնելու գաղափարը, քանի որ ակնհայտ էր ու է, որ նախկինից մնացած դատական համակարգով, նախկին իշխանություններին ու օլիգարխներին ենթարկվող դատավորներով, երկրում հնարավոր չէ արդարություն հաստատել։

Վեթինգի իրականացման խնդիրը ավելի առարկայացավ, երբ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական ոլորտում համալիր բարեփոխումների ռազմավարություն մշակելու հանձնարարականով, ինչը ենթադրում էր նաև վեթինգի իրականացում։ Մեկ տարի շարունակ մենք սպասում էինք, թե վարչապետի այդ հանձնարարականի կատարման շրջանակներում ի՞նչ նախաձեռնություն է հանդես բերելու գործադիր իշխանությունը՝ վեթինգի իրականացման ուղղությամբ։

Սակայն, նախորդ շաբաթվա սկզբին, մենք լսեցինք վարչապետի ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տխրահռչակ քննարկումը, որը սառը ցնցուղ էր բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին վեթինգի, իսկ ավելի լայն իմաստով՝ երկրում արդարադատության հաստատմանը։ Այդ քննարկման ընթացքում Բադասյանը հանգամանորեն վարչապետին հիմնավորեց, որ առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ դատավորների շրջանում համատարած վեթինգ իրականացնել և ներդնել անցումային արդարադատության գործիքներ։

Իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, արդեն ըստ վարչապետի հայտարարությունների, կարող է տեղի ունենալ ընդհուպ 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ։ Այսինքն՝ մենք ևս երեք տարի պետք է սպասենք վեթինգի, ինչը նշանակում է թույլ տալ, որ առնվազն երեք տարի ևս նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ գտնվող դատավորները արդարադատության անվան տակ քաղաքական պատվերով կամ կաշառքով վճիռներ կայացնեն՝ շարունակելով բռնաբարել արդարադատությունը։

Սա ուղղակի անթույլատրելի է, քանի որ դրանով մենք կարող ենք տանուլ տալ հեղափոխությունն ընդհանրապես, որովհետև առանց երկրում արդարադատության հաստատման, հեղափոխությունն ըստ էության, կարող է առ ոչինչ դառնալ։ Այս գործոնները ինձ դրդեցին հանդես գալ «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու նախաձեռնությամբ, որի շրջանակներում մենք՝ մեր համախոհների հետ պատրաստվում ենք անել այն, ինչը երկու տարվա ընթացքում տապալել է իշխանությունը։

– Ովքե՞ր են Ձեր համախոհները եւ ի՞նչ կերպ, ի՞նչ մեխանիզմներով եք պատրաստվում հավաքագրել անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կլինեն փաստարկված եւ հիմնավորված, զուտ խոսակցությունների եւ ասեկոսների վրա չեն լինի հիմնված:

– Մեր քայլերի շրջանակն, իհարկե, բազմաշերտ է, այս պահին կարող եմ նշել, օրինակ` այն, ինչը մենք համարում ենք մեր շարժման հիմնական առաքելություններից մեկը. մենք պատրաստվում ենք դատավորների վերաբերյալ հավաքագրել համալիր տեղեկություններ, որոնք լույս կսփռեն նախորդ տարիներին, տասնամյակներին նրանց ունեցած քաղաքական ու կոռուպցիոն, հանցավոր կապերի վրա, տեղեկություններ, որոնք կբացահայտեն, թե ինչո՞ւ է այս կամ այն դատավորը կայացրել այս կամ այն վճիռը։ Հավատացեք, անցած քսան տարիներին մեր դատական համակարգում կայացվել են նման դրդապատճառներով պայմանավորված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր վճիռներ և դրանց մասին տեղեկատվության հրապարակումը առնվազն հանրային պարսավանքի առարկա կդառնա, ինչը հուսամ, կստիպի նման դատավորներին անհետանալ համակարգից։

Այդ տեղեկությունները կլինեն փաստարկված, հիմնավոր, բնականաբար մենք չենք կարող նման լրջագույն հարցում տուրք տալ ասեկոսեներին կամ չճշտված տեղեկություններին։ Ճիշտ հակառակը՝ մենք ստուգելու ենք մեր կողմից հրապարակվելիք ամեն մի տեղեկության հավաստիություն ու արժանահավատություն, դա մեզ համար սկզբունքային հարց է։ Իրականում, դրանով այս երկու տարիներին պետք է զբաղված լինեին պետական համապատասխան կառույցները, որոնք սակայն տապալել են այդ խնդիրը։

Ինչ վերաբերում է նրան, թե ովքե՞ր են մաս կազմելու նախաձեռնությանը, նշեմ, որ այն պահից ի վեր, երբ հայտարարեցի դրա մասին, մասնակցելու պատրաստակամության մասին դիմումներ եմ ստացել բազմաթիվ փաստաբաններից, իրավապաշտպաններից, դատական համակարգի մեկ ներկայացուցչից։ Ես դեռևս չունեմ այդ անձանց համաձայնությունը՝ նրանց անունները հրապարակելու համար, ինչը կանեմ առաջիկայում։ Իսկ ավելի լայն իմաստով, վստահ եմ, որ մեր նախաձեռնությանը կմիանան շատ շատերը, քանի որ դրա հիմքում ընկած է այն խոստումների կատարման հարցում պահանջատիրությունը, որոնք հնչել են հեղափոխության հարթակից։ Իսկ հեղափոխությանը մասնակցել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց մեծամասնության համար երկրում արդարադատության ու արդարության վերականգնումը եղել է առաջնային պահանջ։

– Տեղեկությունները հավաքագրեցիք, հրապարակեցիք. իսկ հետո ի՞նչ է լինելու`ցույցե՞ր, բողոքի տարբեր ակցիանե՞ր`ընդհուպ մինչեւ իշխանության հրաժարականի պահանջներ`բարեփոխումները տապալելու համար…

– Դատավորների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը մեր կողմից իրականացվելիք քայլերից մեկն է լինելու։ Մենք հանդես ենք գալու գործողությունների համալիր ծրագրով, ռազմավարությամբ, որին մասն է կազմելու նաև այդ տեղեկությունների հավաքագրումը։ Ինչպես արդեն նշեցի, հույս ունեմ, որ դա նախ և առաջ կդառնա հանրային պարսավանքի պատճառ, ինչը դատավորների գոնե մի մասին կստիպի ինքնակամ հեռանալ համակարգից։ Հավաքագրված տեղեկությունները, ունեցվածքի վերաբերյալ փաստական տվյալները, սեփականության վերաբերյալ ապացույցները ի ցույց եմ դնելու ԱԺ ամբիոնից։ Դրանք, բնականաբար կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին, չեմ բացառում, որ այդ տեղեկությունների հիման վրա կարող են հարուցվել քրեական գործեր։ Չեմ բացառում նաև բողոքի գործողությունների, այդ թվում հանրահավաքների կամ այլ ակցիաների իրականացումը, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել դրա մասին։

– Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ետ կանգնեց այն հիմնական խնդիրներից մեկից, որը հեղափոխության շարժիչ ուժերից էր`դատաիրավական բարեփոխումներ, արդարադատության վերականգնում:

– Բազմաթիվ են պատճառները, թե ինչու Նիկոլ Փաշինյանը նահանջեց հեղափոխության հիմնական հռչակումներից մեկը համարվող արդարության վերականգնման խոստումից, որը, ինչպես նշեցի, առանց վեթինգի հնարավոր չէ իրականացնել։ Ես հիմա էլ չեմ կասկածում, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը չի շեղվել հեղափոխության ուղուց, որ նա ինքն էլ ցանկանում է արդարության վերականգնում, դատական համակարգի բարեփոխում։ Այլ հարց է, թե ինչպե՞ս են այս բոլոր հարցերը ներկայացվում երկրի ղեկավարին, ինչպե՞ս է աշխատում նրա քաղաքական ու կառավարչական թիմը այս խնդիրների լուծման համար։

Ես մի առիթով ասել եմ, որ հեղափոխությունը կարող է պարտվել կառավարական միջանցքներում, բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ Կարծում եմ, գործ ունենք հենց այդ պարագայի հետ։ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ ձևակերպել է դատական համակարգը բարեփոխելու քաղաքական պահանջը, որին նրա թիմի անդամները պետք է տեխնիկական, իրավական լուծումներ գտնեին։ Թիմը, սակայն, տապալել է այդ առաջադրանքի կատարումը և հիմա փորձում է վարչապետին համոզել, թե ինչո՞ւ է տապալել և ինչո՞ւ պետք է հրաժարվել վեթինգի գաղափարից։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ նրա քաղաքական ու կառավարչական թիմը, որի անդամների զգալի մասը որևէ աղերս ու կապ չունի հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանն ի դեպ, կարող է դառնալ հենց այդ թիմի զոհը, դա արդեն տեսանելի է ու ակնհայտ։

– Բայց այդ թիմը Նիկոլ Փաշինյանի ընտրությունն է, ինքն է ընտրել`ում հետ աշխատել:

– Թիմի հեղափոխական թեւը պետք է սթափվի, իր մեջ ուժ գտնի, հիշեի`երկու տարի առաջ հեղափոխական հարթակից տրված իր հանձնառությունների եւ խոստումների մասին, եւ պիտի անեն այն կարեւոր բարեփոխումները, կարեւոր աշխատանքները, որոնք որ բխում են հեղափոխության արժեքներից, հեղափոխության նպատակներից, երազանքներից: Կարծում եմ, որ դատական իշխանությունը` արդարության եւ արդարադատության հաստատումը, դրա առանցքում է: Սա հեղափոխության «աքիլլեսյան գարշապարն» է: Առանց անկախ դատական իշխանության հաստատման, փոփոխություններն անհնար են:

– Ձեր ուղիղ եթերում ասացիք, որ Ձեր հասցեին սպառնալիքներ են հնչում. ովքե՞ր եւ ի՞նչ են սպառնում:

– Այս պահին ձեռնպահ կմնամ ինձ սպառնալիքներ հնչեցրած անձանց անունները հրապարակելուց, նշեմ միայն, որ դրանք դատական համակարգի ու օլիգարխների հետ կապված շրջանակներից են։ Ես արդեն իսկ այս հարցով խոսել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, տեղյակ եմ, որ Արման Թաթոյանն արդեն իսկ որոշակի քննարկումներ է ունեցել ՀՀ ոստիկանության պետի հետ։ Ես հասկանում եմ այդ սպառնալիքների հեղինակների ու նրանց պատվիրատուների մոտիվացիան, նրանք ցանկանում են այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել իմ հանդեպ, սակայն, ուզում եմ հիասթափեցնել բոլորին՝ այդ ճանապարհով նրանք ոչնչի չեն հասնելու և ինձ չեն կարողանալու ստիպել հրաժարվել իմ նպատակադրումներից. այն է` Հայաստանում արդարության վերականգնումը ու արդարադատության հաստատումը։

– Ի դեպ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս բավական ակտիվություն է դրսեւորում, իր տեսաուղերձներում նա խոսեց Հայաստանից մաքսանենգ ճանապարհով դուրս բերվող ծխախոտի եւ ադամանդի մասին`այդ սխեմաները կապելով վարչապետի ընտանիքի եւ նրա մերձավորների հետ: Հետաքրքիր է Ձեր գնահատականը սրան:

– Միքայել Մինասյանի նշած մեղադրանքների հասցեատերը իշխանությունն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ այդ խնդրի վերաբերյալ հարցերի պատասխանները պետք է տան իրավապահները։ Ավելին չեմ կարող ասել, թող պատկան մարմինները քննություն անցկացնեն և լույս սփռեն այդ պատմությունների վրա։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Football news:

Bellerin will pay for the mass planting of trees, despite the fact that Arsenal did not win against Leicester
Bayern claims 19-year-old left back Bara from Lyon
Jovich's friend has a coronavirus. The Real Madrid forward was isolated at home
Hazard has an ankle problem and may miss the game with Alaves
Agent Fedele: Manchester City are very close to buying Coulibaly
West ham Moyes can sign Lingard and Jones from Manchester United, if not relegated from the Premier League
Ennio Morricone's heart belonged to music and rum. The composer was asked to write the club's anthem, and Totti went to his hit