Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նույն վարչապետն, որ ասում էր, թե առանց ձեզ հետ համաձայնեցնելու որեւէ քայլ չեմ անի՝ այսօր միանձնյա անում է նման հայտարարություններ»․ «Առերեսում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Սակայն այժմ նա արդեն հայտարարում է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր, «Գաթա Բենդ« խմբի հիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանին բերել էին հենց այս ծրագիրն իրագործելու համար․ «Եվ ինքն անում է այն, ինչ իրեն ասել են»։ Անդրադառնալով բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու Փաշինյանի հայտարարությանը՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տարակուսանք հայտնեց, որ ճիշտ չեն գնահատվել մեր ուժերն ու հնարավորությունները։

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում վարչապետը հայտարարում էր․ «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»։ Եվ նաեւ այս տված խոստումը նկատի ունենալով է, որ հիմա շատերը պնդում են, թե մինչ որեւէ բան ստորագրելը՝ պետք է հանրաքվե անցկացվի։ «Գուցե, իրոք, հասարակությունը մտածում է, որ Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում: Թող հայ ժողովուրդը իր կարծիքն ասի,– մասնավորապես ասել էր Արցախի նախագահի խորհրդական – հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։– Եթե հայերն ուզում են հրաժարվել, թող ասեն, որ հետո տարիներ անց չասեն, թե Արցախն է մեղավոր իրենց ճակատագրում»։

Հաղորդման մյուս հյուրը՝ 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մայրը՝ լրագրող Ալիսա Գեւորգյանն այս առնչությամբ ասաց․ «Երկրի թիվ 1 պաշտոնյան, որի գլխավոր լիազորությունը պիտի լիներ սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունների կատարումը՝ այն է հանդիսանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգության երաշխավորը՝ այսօր հայտարարում է, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում (ի հավելումն՝ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, թե Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն Հայաստանի 29 800 քկմ մեջ․–Ա․ Ի․)։ Մենք գիտենք, որ սահմանադրությամբ սահմանի որեւէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Այսինքն՝ նույն վարչապետն ասում էր, թե առանց ձեզ հետ համաձայնեցնելու որեւէ քայլ չեմ անի՝ այսօր միանձնյա անում է նման հայտարարություններ։ Եվ այս ժողովուրդը, որին կարգել էր 3 միլիոն վարչապետ՝ նույնիսկ չի վիրավորվում, վարչապետերը չեն վիրավորվում, որ առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ իրենց իսկ բնակավայրերը պատրաստ է հանձնել Ադրբեջանին։ Հասարակության վերաբերմունքի մասով, կարծում եմ, այստեղ լուրջ տեխնոլոգիաներ են օգտագործվում։ Երբ անընդհատ պրոբլեմը պրոբլեմի վրա է գալիս եւ մի մանիպուլյացիային հաջորդում է մյուսը՝ մարդիկ ուղղակի չեն հասցնում դրանք վերլուծել ու համապատասխան վերաբերմունք արտահայտել՝ պատկերը սա է լինում։ Մենք պատերազմ ենք տեսել եւ ուղղակի դեպրեսիվ վիճակում է հասարակությունը՝ ոչ իրենից են ինչ որ բան ակնկալում, ոչ էլ ընդդիմությունից»։

«Մարդկանց մեջ սպանվել է իրական վստահությունը,– հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։–Ամեն մեկն իր հոգսերով, իր դարդով, իր ցավով է ապրում, ու չի կարողանում կողմնորոշվել՝ ուր գնա, որտեղ է արդարությունը»։ Միայն ժողովրդի որոշումից հետո որեւէ կարգավորման գնալու խոստումը դրժելու առնչությամբ էլ ասաց․ «Ինչը որ իրենց ձեռ չի տալիս՝ ժողովուրդն էլ իրենց համար գոյություն չունի։ Ժողովրդական ասացվածք է՝ «ձիուն նստում են՝ Աստծուն են ուրանում, ձիուց իջնում՝ հիշում Աստծուն»։ Սա է խնդիրը»։

Ալիսա Գեւորգյանը վկայակոչեց սոցհարցումների տվյալները, ըստ որոնց՝ 90 եւ ավելի տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, ու հույս հայտնեց․ «Գոնե ինքնապահպանման բնազդը կխոսի եւ շատերը կհասկանան, որ Արցախը Հայաստանի անվտանգության սահմանն է։ Եվ եթե մեր զավակները գնում էին Արցախը պաշտպանելու՝ միայն Արցախը չէին պաշտպանում՝ մեզ էին պաշտպանում։ Եվ վկան այսօր զոհերն են Սոթքում, Ջերմուկում ու ՀՀ մյուս տարածքներում։ Գոնե պատերազմին հաջորդած այս ողջ ժամանակահատվածում մարդիկ պիտի որ հասկացած լինեն, որ այդ սահմանը մոտեցել է իրենց տներին։ Եթե ինքնապահպանման բնազդն էլ չի խոսելու՝ գուցե շատ դաժան բան եմ ասելու, բայց պիտի ասեմ՝ այն ժողովուրդը, որը չունի այդ բարոյականությունը եւ պատրաստ է զոհաբերել իր մի մասին, իր հայրենիքը, որ ինքը խաղաղ ապրի՝ կարծում եմ, որ այդ ժողովուրդն իրավունք չունի ոչ պետություն ունենալու, ոչ էլ անգամ գոյատեւելու»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ