Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինայի պատերազմին արձագանքելը IFC-ի Եվրոպայի տարածաշրջանային նոր տնօրենի հիմնական կիզակետային ուղղությունն է

Վիեննա, Ավստրիա,  3 հոկտեմբերի, 2022 թ. IFC-ն Ռանա Քարադշեհին նշանակել է Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն։ Վիեննայում տեղակայված լինելով՝  նա առանցքային դեր է կատարելու ՈՒկրաինայի պատերազմին IFC-ի արձագանքը ղեկավարելու և մասնավոր հատվածի մասնակցության ավելացման ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ջանքերի ամրապնդման հարցում։

IFC-ի Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրերի գծով փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորան ասաց. «Քարադշեհի զգալի գիտելիքն ու փորձը հսկայական  ներդրում կլինեն այն ժամանակ, երբ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով արդեն թուլացած Եվրոպան բազմաթիվ ցնցումների է առերեսվում՝ ՈՒկրաինայի պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, ֆինանսական պայմանների խստացում և այլն։ Մենք վստահ ենք, որ նրա ղեկավարությամբ IFC-ն կկարողանա ավելի արագ արձագանքել մասնավոր հատվածի անմիջական կարիքներին և մեծացնել տարածաշրջանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացմանն օժանդակելու ծրագիրը»։

Քարադշեհը, ով Ամերիկայի և Հորդանանի քաղաքացի է, միջազգային ֆինանսների բնագավառում ավելի քան 25 տարվա փորձ ունի։ Նա վերջերս Ասիայի և Խաղաղօվկիանոսյան  շրջանի մշակող արդյունաբերության, գյուղարդյունաբերության և ծառայությունների ճյուղի տարածաշրջանային տնօրենն էր։ Մինչ այդ Քարադշեհը Սինգապուրի գրասենյակի ղեկավարն էր։

Նա տնտեսագիտության բակալավրի որակավորման աստիճան է ստացել Միչիգանի համալսարանից, միջազգային տնտեսագիտության հումանիտար գիտությունների մագիստրոսի և գործարար կառավարման մագիստրոսի որակավորման աստիճան՝ Վաշինգտոն Կ.Շ. -ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանից։

Տարածաշրջանային տնօրենի պաշտոնում Քարադշեհի առաջնահերթությունը կլինեն բարձր ազդեցությամբ ծրագրերը, որոնք կարող են օգնել, որ տարածաշրջանի ուշադրության կենտրոնում լինեն մի քանի կարևոր ոլորտներ՝ կանաչ աճից և նորարարությունից մինչև թվային տեխնոլոգիաներ և ֆինանսական ներառում։

Մեկնաբանելով իր նոր դերը՝ Քարադշեհն ասաց.«Հաշվի առնելով, որ պատերազմը, ՔՈՎԻԴ-19-ի երկարատև ազդեցությունների հետ մեկտեղ, Եվրոպայում նշանակալի տնտեսական կորուստների է հանգեցնում, IFC-ի համար առանցքային կլինի բոլոր շահակիցների, այդ թվում՝ մասնավոր հատվածի, կառավարության և գործընկերների հետ գործակցության ջանքերի ընդլայնումը. նպատակը ճգնաժամերից վերականգնվելու հարցում տարածաշրջանի տնտեսություններին օգնելն է՝ կիզակետում ունենալով կայունությունը և ներառումը, պահպանելով և ստեղծելով աշխատատեղեր, միաժամանակ կայուն տնտեսական ուղիների համար ձևավորելով դիմակայունություն»։

Նա հավելեց. «IFC-ն պատրաստ է աջակցելու տարածաշրջանի տնտեսության ողնաշարը կազմող փոքր, այդ թվում՝ կանանց գլխավորած ձեռնարկություններին՝ նրանց համար բարելավելով ֆինանսների հասանելիությունը։ Առանցքային է նաև կլիմային ուղղված ներդրումների ուղղությունը՝ կարճաժամկետ ձեռքբերումների՝ աշխատատեղերի և տնտեսական աճի հնարավորության ստեղծման, ինչպես նաև երկարաժամկետ օգուտներ, այդ թվում՝ ապաածխածնացում և դիմակայունություն ապահովելու համար»։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում աննախադեպ մարտահրավերների պայմաններում IFC-ն աջակցել է տարածաշրջանի մասնավոր հատվածին՝ հունիսի 30-ին ավարտվող 2022 ֆինանսական տարում կատարելով 1 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ։ Կլիմային ուղղված ֆինանսավորմանը բաժին է ընկել տարածաշրջանում ՄԿՖ-ի սեփական միջոցների հաշվին երկարաժամկետ ներդրումների ռեկորդային բարձր՝ 74 տոկոսը։ IFC -ն տրամադրել է նաև խորհրդատվական  և ուսումնասիրության ու մշակման ծառայություններ՝  62 ծրագրերից կազմված ավելի քան 128 միլիոն դոլարի պորտֆելով, որը նպատակաուղղված է տարածաշրջանում ներդրումային միջավայրի բարելավմանը ու շուկայի ստեղծմանը։