Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինայում հյուծման պատերազմ է, որոշիչ կլինի արդյունաբերությունը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ծավալուն հարցազրույց է տվել բրիտանական Guardian թերթին։ Հիմնական թեման Ուկրաինայի պատերազմն էր. Ստոլտենբերգն ասել է, որ հակամարտությունը երկարում է և շեշտել է, որ ուկրաինական հրետանին արկերի կարիք ունի։

«Նախագահ Պուտինը չի պատրաստվում խաղաղության, նա պատրաստվում է տևական  պատերազմի: [Ռուսաստանը] կապեր է հաստատում ավտորիտար ռեժիմների՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլոց հետ՝ ավելի շատ զենք ստանալու համար», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Միաժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, այժմ Ուկրաինան ռազմաճակատում ծախսում է օրական 4-7 հազար հրետանային զինամթերք, մինչդեռ Ռուսաստանը օրական միջինում 20 հազար արկ է արձակում։

Չնայած դրան, ասում է Սթոլթենբերգը, «զինամթերքի ծախսերի ներկայիս տեմպերը գերազանցում են դրանց արտադրության տեմպերը»։ Այդ իսկ պատճառով արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ աջակցել Ուկրաինային զենքով, զինամթերքով և տեխնիկայի պահեստամասերով, կարծում է Ստոլտենբերգը։ «Դրա անհրաժեշտությունը կպահպանվի, քանի որ հյուծման պատերազմ է: Որոշիչ կլինի արդյունաբերական հզորությունների մրցակցությունը և երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու կարողությունը», – ասել է նա: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն պաշտպանական ծախսերը, ասել է Սթոլթենբերգը։