Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ուզում եմ ասել Անահիտ Մանասյանին, որ ՄԻՊ-ի նշանակումը պաշտոն չէ, որ դու գաս եւ այն վայելես», իսկ Էդգար Ղազարյանն ընդգծված քաղաքական կերպար է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, իշխանության ՄԻՊ-ի թեկնածուն՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, չի բավարարում այդ պաշտոնյայի համար առաջադրման չափանիշներին. նա հանրությանը հայտնի չէ, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում եւ հայտնի դարձավ նրանով, որ չէր շփվում լրագրողների հետ, խուսափում էր հարցերի պատասխանել, ինչն էլ ավելի շատ բացասական լույսի ներքո է նրան հայտնի դարձնում: Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ լրագրողներից «խուճապահար փախչելու» կեցվածքը նա շարունակեց ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելուց հետո էլ:

«Ուզում եմ ասել Անահիտ Մանասյանին, որ ՄԻՊ-ի նշանակումը պաշտոն չէ, որ դու գաս եւ այն վայելես: Սա աշխատանք է: Անձամբ չեմ ճանաչում Անահիտ Մանասյանին եւ որեւէ վերաբերմունք չունեմ՝ ոչ դրական, ոչ նեգատիվ, ուղղակի հետեւում եմ, թե ինչպես է նա թռիչքաձեւ պաշտոնների գնում. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էր, դրանից առաջ եղել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր եւ ամենասոսկալին, իմ կարծիքով, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համաձայնելն էր, երբ նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է եւ ոչ ոք չի հերքել դա»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած՝ «Կառավարությունից ՄԻՊ գործուղված թեկնածուն կարո՞ղ է անկաշկանդ աշխատել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ նկատելով, որ ներկա իշխանությունների աշխատաոճի պարագայում, երբ խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ամենամեծ ազդեցությունն ունեն, այդ հանգամանքը չի կարող չազդել աշխատանքի որակի վրա: Իրավապաշտպանը նկատեց, որ ՄԻՊ-ը տարբեր մարդկանց ամենատարբեր խնդիրներով զբաղվելու աշխատանք է, որը պետք է կարողանալ անել: Այս առումով նա հիշեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանին, որը նշանակվելիս բավական իշխանամետ կեցվածք ուներ, բայց կարճ ժամանակահատվածում իրեն ամբողջությամբ նվիրեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, իշխանության դեմ հանդես եկավ: «Անահիտ Մանասյանին չենք տեսել որեւէ մեկի իրավունքը պաշտպանելիս, նա ինքը պետք է ներկայանա, եթե չի ներկայանում, ուրեմն, խնդիրներ ունի»,- ասաց իրավապաշտպանը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն էլ՝ անդրադառնալով իշխանական շրջանակներից հնչող տեսակետներին, թե Հայաստանում կադրերի սով է, նախ հորդորում է՝ ավելի լայն շրջանակում փնտրել կադրեր, ոչ թե իրենց նեղ շրջանակից, մանավանդ, որ իրենք այնպիսի քաղաքականություն են վարում, որ շատերը խուսափում են տարբեր աշխատանքների առաջարկներն ընդունել: Անահիտ Մանասյանին ինքն էլ անձնապես չի ճանաչում, բայց իր համար չափանիշ է, երբ մարդը հեշտությամբ համաձայնում է մի պաշտոնից մյուսը «չվել. փաստացի դառնում է՝ Արգիշտի Քարամյան – 2: Կներեք, դա այդքան հե՞շտ է, բա կեսից համաձայնում՝ գնում ես այլ պաշտոնի, բա այդ բարեփոխումները ո՞վ պիտի անի»: Տիկին Կարապետյանցը չի ընդունում նաեւ նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի՝ հեշտությամբ ու անպատասխանատու կերպով ՄԻՊ պաշտոնից հրաժարվելը. «Հասկանո՞ւմ են, գոնե, թե ի՞նչ ստատուս ունի ՄԻՊ-ը»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ երեք ամիս ՄԻՊ պաշտոնի թափուր լինելը, իշխանության ներկայացուցիչների վերամբարձ հայտարարություններն այդ առիթով, իշխանության ուղիղ վերաբերմունքն է Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ. «Մենք տեսնում ենք, թե ինչ հետընթաց են Հայաստանում գրանցում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ դա իշխանություններին չի հետաքրքրում: Վերջին ՏԻՄ ընտրությունների առիթով վարչապետը գրել է՝ «Ապագա կա», իսկ ես ասում եմ՝ ճիշտ հակառակը: Եթե դուք չեք մտածում ընդհանրապես՝ ոչ ձեր զինվորների, 20-ից ավելի զոհեր ունենք. ո՞վ պետք է պաշտպանի: Օմբուդսմենի ինստիտուտն էլ զինծառայողների խնդիրներով չի զբաղվել, որովհետեւ իշխանության ճնշումներն այնքան մեծ են…շատ մակերեսային…»:

Իրավապաշտպանները նկատում են, որ հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքը ՄԻՊ թեկնածուի հարցում ևս կարեւոր է եւ իշխանությունն ու ընդդիմությունը չպետք է հռչակեն, թե ո՞վ պետք է լինի ՄԻՊ:

Այս համատեքստում նա անդրադարձավ ընդդիմության կողմից առաջարկված ՄԻՊ թեկնածուին՝ Էդգար Ղազարյանին. «Նա ընդգծված քաղաքական կերպար է, քաղաքական գործիչ: Ուզում եմ ասել, որ ընդդիմությունը, իշխանությունը արժեն իրար»:

Նինա Կարապետյանցն էլ նկատեց, որ կամ ՄԻՊ-ի մասին օրենքից պետք է հանել հանրային ճանաչում ունենալու պահանջը, կամ՝ առաջադրել նման անձի: Մինչդեռ բոլոր ժամանակներում, բոլոր պաշտոնների նշանակվել են տվյալ իշխանությանը, եթե ոչ նվիրյալի, գոնե իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող մարդու: Ընդդիմության թեկնածուի մասին էլ իրավապաշտպանի կարծիքը նույնպիսինն է՝ ընդգծված քաղաքական գործիչ է. «Մարդը մասնակցել է այն հանրահավաքներին, որի ժամանակ գնդակահարել են ենթադրյալ Չաուշեսկուին եւ նրա կնոջը եւ ոչինչ չունի ասելու»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ