Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանին ասել են՝ մինչև 2028 թվականը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն,  հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ  մի շարք ընկերություններ Բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացքիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Ըստ աղբյուրի, օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Փաշինյանին հայտնել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը: