Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փոխնախարար․ «ՆԳՆ-ն հետ քայլ չի անելու, մեքենաների թաղանթապատումները թող հեռացնեն ու չմտածեն, որ վաղը կարող է նման պահանջ չլինի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերվում է բոլորին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե պաշտոնյաների ծառայողական մեքենաները մգեցված ապակիներով են, ինչո՞ւ շարքային քաղաքացիները պետք է պահանջին հետեւեն։

«Ես անձամբ նման դեպք չեմ նկատել, բայց կարծում եմ՝ կարճ ժամանակում իմ գործընկերները կհեռացնեն թաղանթապատումը»,-ասաց փոխնախարարը։

Նրա ներկայացմամբ՝ օրենքը տարածվում է ե՛ւ ծառայողական, ե՛ւ օպերատիվ ավտոմեքենաների վրա։

Սարգսյանն ասաց, որ նախարարությունը հետ քայլ չի անելու, սա շատ վաղ ընդունված ԵԱՏՄ ակտ է․«Սա բխում է մեր հանրության անվտանգության շահերից, եւ այս հանրային բարիքին ծառայող պատասխանատվության ցանկացած միջոց տրամաբանական է։ Մեր քաղաքացիները թող չսպասեն վաղվան կամ մտածեն, որ առաջիկայում նման պահանջ չենք ունենալու եւ հեռացնեն թաղանթապատումները, որոնց պատճառով կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»:

Եթե ավտոմեքենան գործարանային մգեցված ապակիներով է, ապա վարորդն իր միջոցներով պետք է հեռացնի մգեցված թաղանթը․«Կա ստանդարտ՝ առջեւի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարանային է, թե քաղաքացին ինքն է թաղանթապատումն ապահովել, դա, էական նշանակություն չունի։ Հետեւաբար,եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»։

Վարորդների դժգոհություններին՝վիճակագրություն չկա, թե մգեցված ապակիներով վթարների թիվը որքան է, եւ վթարները հիմնականում վատ կահավորված ճանապարհների հետեւանք են, փոխնախարարը պատասխանեց՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պակա՞ս կարեւոր հարց է։ Մենք տարբեր հարթակներում շատ ենք խոսում, որ ճանապարհատրանսպորտային վթարների թիվն աճել է, ի՞նչ է անում ոստիկանությունը, ինչ է անում տարածքային կառավարման նախարարությունը։ Մենք արդյոք ունե՞նք վթարների պատճառ հանդիսացող բոլոր հանգամանքները շատ բաց ու ճիշտ գծագրված։ Վիճակագրությունը շատ փոքր քանակի է վարվել տարիներ շարունակ, եւ այն հիմնական պատճառները, որոնք առիթ են եղել ճանապարհատրանսպորտային պատահարների, չեն ֆիքսվել։ Մենք ՏԿԵՆ-ի մեր գործընկերների հետ քիչ առաջ պայմանավորվեցինք, որ միասին վիճակագրություն կներկայացնենք»։

Նա ասաց, որ նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի եւ այլ ծառայողների ոչ միայն ծառայողական մեքենաների մգեցված թաղանթներն են հեռացված, այլ նաեւ անձնական ավտոմեքենաներինը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ