Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարզ չէ, թե ԱԱԾ-ն երբ կարող է ոչնչացնել փաստաթղթերը՝ նախքան գաղտնազերծո՞ւմը, թե՞ գաղտնազերծումից հետո. օրենք՝ ապացույցները ոչնչացնելու եւ չդատվելու մասին. «Հայացք Երեւանից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թվում է՝ ՀՀ կառավարության կայացրած արտասովոր որոշումով կամ ժամանակավրեպ, անպատեհ օրենսդրական նախաձեռնությամբ այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Բայց՝ ոչ: Զարմացնելու՝ մեր գործադիրի հնարամտությունը շատ ավելի համապարփակ է, քան կարելի է պատկերացնել: Այս անգամ հանրությանը զարմացնելու առիթը նոյեմբերի 24-ի նիստում միաձայն հաստատված ու հրատապության ընթացակարգով ԱԺ ներկայացված օրինագծերի փաթեթն էր՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերտառությամբ:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը, որի քննարկումը նույն օրն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր, ըստ էության, ԱԱԾ-ին թույլ է տալիս ավելի դյուրացված եղանակով ոչնչացնել պահոցային փաստաթղթերը: Գործադիրն այս նախագիծը պայմանավորում է օրենքում օգտագործվող հասկացությունները օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱԱԾ-ի լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Չենք վիճում, հնարավոր է՝ նման անհրաժեշտություն իսկապես կա: Բայց կան նաեւ նրբերանգներ, որոնք անորոշություն են առաջացնում եւ որոնք օրինագծի շուրջ հանրային ու փորձագիտական շրջանակի դժգոհությունների հիմնական առանցքն է:

Նախագծում հատկապես լղոզված է այն լրամշակումը, որից պարզ չէ, թե ԱԱԾ-ն երբ կարող է ոչնչացնել փաստաթղթերը՝ նախքան գաղտնազերծո՞ւմը, թե՞ գաղտնազերծումից հետո:

Ընդդիմադիրների մտավախություններն անհիմն չեն. ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ ՀՀ բարձրագույն իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր ժամանակներ հավաքագրված են եղել օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից կամ համագործակցել են ՀՀ հատուկ ծառայությունների հետ: Շրջանառվող նյութերում հնչել են կոնկրետ անուններ կամ լրտեսական մականուններ՝ «Օմեգա», «Շակալ» եւ այլն, որոնցից ոչ մեկը չի էլ հերքել նման ցանցի իր մասնակցության վերաբերյալ տեղեկությունները: Ուրեմն՝ մեծ է հավանականությունը, որ այդ մարդիկ՝ տիրապետելով իշխանական լծակների, մի գեղեցիկ օր կարող են օգտվել օրենքի բացից եւ «մաքրել» իրենց անփառունակ անցյալի հետքերը, ինչը կբացառի հետագա հնարավոր քրեական հետապնդումը։

Կառավարության՝ ԱԺ ներկայացրած աղմկոտ նախաձեռնության մեջ «հետքեր մաքրելու» բարձր ռիսկի երեւույթներ են տեսնում մասնագիտական որոշ խմբեր: Այդ տեսակետները տիրապետող են հատկապես ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող շրջանակներում: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ՝ խնդրո օրինագծի շրջանառումը «որոշ հետքեր մաքրելուն ուղղված քայլ է կամ օրենք առ այն, թե ինչպես զրոյացնել ինֆորմացիան եւ չդատվել»: Իսկ միգուցե իշխանությունները պատրաստվում են կապել ճամպրուկները եւ, ինչպես ասում են, «մաքուրո՞վ» հեռանալ: Այս մասին ուղղակիորեն չեն խոսում, բայց տողատակով հասկացնում են: Լավ՝ իսկ ո՞րն է իմաստը, ի՞նչ է տալիս նման օրենսդրական փոփոխությունը:

Իրավաբանը հանգամանալից հիմնավորումներ է ներկայացնում. ա/ գործող իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը հետագայում կդժվարացնի մի շարք հանգամանքների պարզաբանումը (օրինակ՝ նոր օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք դրվագներ եւ այլն). բ/ օրինագծով նյութերի ոչնչացման լիազորություն է տրվում ցանկացած պաշտոնատար անձի, անգամ գյուղական համայնքի մի ավագանու, ինչի հնարավորությունն ընձեռում է նախագծի «եւ այլ իրավական ակտերով» ձեւակերպումը. գ/ ստեղծվում են ողջ արխիվային նյութերի՝ ներառյալ թշնամի երկրների գործակալական ցանցերի մասին տեղեկանյութի ոչնչացման նախադրյալներ:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի 2022թ.-ի 43-րդ համարում