Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք չէր այսքան անիմաստ ժամանակ վատնել՝ մարդկանց համոզելով, թե շուտով խաղաղություն կլինի. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում հնչած սպառնալից հայտարարությունների և դրանց հնարավոր հետևանքների մասին ArmLur.am-ը զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյան հետ:

-Տիկի՛ն Հայրապետյան, չնայած Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող միակողմանի խաղաղասիրական հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերջին ելույթում հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հայտարարելով, թե եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Ադրբեջանի նախագահը հերթական հոգեբանական ու տեղեկատվական ծուղակն է ստեղծում՝ փորձելով այն միտքը սերմանել Հայաստանում ու Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում, որ եթե հրաժարվենք Արցախից, ապա խաղաղ կապրենք, մինչդեռ փաստերը լրիվ հակառակն են ասում. այս օրինակը շատ եմ բերել՝եթե հայ զինվորն այն ժամանակ կանգնած էր Ջրականում, ապա հիմա հակառակորդի թիրախի տակ է Ջերմուկը: Այսինքն, որքան Ադրբեջանին զիջում ես, այնքան էլ խոցելի ես դարձնում Հայաստանի Հանրապետությունը: Եթե այսօր Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մեր երկիրը կոչում է Արևմտյան Ադրբեջան և տարածքային նոր հավակնություններով է հանդես գալիս, կարծում եմ, սա ավելի խոսուն փաստ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը լրիվ այլ ծրագրեր ունի, ու այդ ծրագիրը Հայաստանն ամբողջությամբ վերացնելն է, իսկ Արցախից հրաժարումը միայն կարող է արագացնել այդ ծրագրի իրագործումը:

-«Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ի՞նչ արդյունք կտա »: Սա ևս մեջբերում է Ալիևի այդ ելույթից: Ըստ ձեզ՝ «կեղծավոր» երկիր ասելով՝ ո՞ւմ է նկատի ունեցել Ալիևը:

-Դժվար է կոնկրետ ասել՝ որ երկրին է նկատի ունեցել, եթե հետևենք Ալիևի քարոզչադաշտի միտումներին, ապա հիմնականում թիրախավորված են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ֆրանսիան: Այս քառյակն է համարվում Հայաստանի դաշնակից երկրներ, որոք օժանդակում են Հայաստանին, հավանաբար, հենց այս երկրներին էլ նկատի ունի Ալիևը; Ադրբեջանը վերջին շրջանում հաճախ է թիրախավորում նաև հայկական Սփյռուքը:

-Վերջերս Փաշինյանն իր ասուլիսում, ինչպես նաև կառավարության նիստի ժամանակ ոչ հուսադրող հայտարարություններ արեց Արցախի վերաբերյալ: Հստակ ասաց, որ բանակցությունները փակուղում են, ասաց, որ Ադրբեջանն Արցախում նոր ցեղասպանություն իրականացնելու մանդատ է ուզում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Փաշինյանը որևէ նորություն չի ասել, նրա ասածը պարզ ճշմարտություն էր, որը հայտնի է 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր, ես չեմ հասկանում՝ ինչու էր պետք ավելի քան 2 տարի, այդ ակնհայտ ճշմարտությունը հասկանալու համար:

Դա արտացոլված էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ելույթներում և գործողություններում: Բոլոր փաստերը հենց դրա մասին էին խոսում, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել գործընթացը և փորձում է ռազմական ճանապարհով իր կամքը թելադրել, ընդամենը պետք էր դրան համարժեք գործել, և այսքան անիմաստ ժամանակ չվատնել՝ մարդկանց համոզելով, թե շուտով խաղաղություն կլինի:

-Առհասարակ, ձեր գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցություններն ի՞նչ փուլում են այս պահին, իսկապես փակուղո՞ւմ են դրանք, թե՞ ամեն դեպքում հնարավոր է կողմերն առաջիկայում համաձայնության գան:

-Կողմերն ինչպե՞ս կարող են համաձայնության գալ, համաձայնության համար պետք են դերակատարներ, որոնք ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա: Այսօր Ադրբեջանն անկառավարելի է, փորձում է իրեն դուրս դնել միջազգային իրավակարգից:

Այն միջնորդ կողմը, որը կկարողանա ճնշումներ գործադրել ու ստիպել Ալիևին՝ հետ կանգնել հայատյաց քաղաքականությունից, նա էլ կարող է հանդես գալ որպես հնարավոր խաղաղության երաշխավոր, բայց քանի դեռ չկա երաշխավոր կողմ՝ իրական խաղաղության մասին խոսելն ընդամենը պատրանք է կամ պարզապես ցանկություն, բայց իրականության հետ որևէ աղերս չունի:

Դրա համար պետք է դրվանագիտական, քաղաքական, ռազմական ու մյուս բոլոր առումներով պատրաստ լինել ադրբեջանական ագրեսիան դիմակայելու և ոչ թե ձեռքները ծալած նստել ու ասել՝ գիտեք Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում: Նա դեռևս տասնամյակներ առաջ է պատրաստվել, ընդամենը պետք էր պատրաստվել դրան դիմակայեյու համար:

Քրիստինա Մուշեղյան