Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին

The Wall Street Journal  Յարոսլավ Տրոֆիմով – Պարոն վարչապետ, շնորհակալություն  The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի համար։ Կսկսեմ ամենաբարդ հարցերից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն ի՞նչ պետք է անեն դա կանխելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես, այնուամենայնիվ, կկիսեի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավելի քան 100 հազար նոր փախստականների հարցը և Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Իհարկե, ես չեմ ասի, թե այդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են:

Իհարկե,  մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ և 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, կձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը: Ուզում եմ հիշեցնել, որոնք են այդ պայմանավորվածությունները, որոնք նաև արտահայտված են Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության և Պրահայի հայտարարության մեջ:

Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպման ժամանակ և արդեն 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ևս մի քայլ է արվել առաջ և արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ  տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ էլի այդ հայտարարություններում տեղ է գտել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իսկ ի՞նչն է դրա առանձնահատկությունը: Դրա առանձնահատկությունն այն է, որ ստորագրման պահին Խորհրդային Միության երկրներն արդեն փաստացի անկախ երկրներ էին դառնում կամ դարձել էին, և Ալմա-Աթայի հռչակագրով նրանք արձանագրեցին, որ ճանաչում են գոյություն ունեցող խորհրդային ադմինիստրատիվ սահմանները հանրապետությունների միջև որպես պետական սահմաններ, ճանաչում են այդ սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը: Երբ ասում ենք, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան:

Եվ երրորդ սկզբունքը հետևյալն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների  հիման վրա: Ահա այս սկզբունքները գործնականում պայմանավորված են, և մնում է այդ պայմանավորված սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր ու գնալ առաջ:

Եվ, իհարկե, մենք առաջիկայում սպասում ենք, նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կունենանք եռակողմ հանդիպում: Հույս ունեմ՝ այդ հանդիպման ընթացքում այս պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռք բերված է: Եվ կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ:

The Wall Street Journal՝  Յարոսլավ Տրոֆիմով –  Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին,  2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները  դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, գոնե այս պահին ես արդեն ասացի, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մեդվեդևը, իսկապես վիրավորական բառամթերք են օգտագործել Ձեր հասցեին և հեղաշրջման կոչ են արել։ Ինչպե՞ս եք պատասխանել այս ամենին, և ըստ Ձեզ, Ռուսաստանում Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես դրան, եթե չեմ սխալվում, հենց որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել և չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ: Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կա եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Երբ խոսում եք ձեր հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին, ի՞նչ նկատի ունեք դա ասելով, ի՞նչ կարող են անել այլ պետությունները: Այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազա՞, թե՞ գուցե Հնդկաստանի։ Գործնականում, ինչպե՞ս եք դա տեսնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ես ուզում եմ ասել, որ մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք, որովհետև, ցավոք, շատ դեպքերում ենք մենք տեսնում, որ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն: Իհարկե, դա կապված է բազմաթիվ հանգամանքներից, միջավայրից և այլն:

Հիմա, անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ մենք էլ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Այսինքն՝ սպառնալիքները, ընդհանրապես, փոխադարձ են լինում, և երբեմն շատ դժվար է լինում գտնել մեկնարկի կետը, որովհետև դա միշտ հավի ու ձվի պատմությունն է: Ու երբեմն իմաստ էլ չի ունենում գտնել մեկնարկի կետը, որովհետև դրանից որևէ բան չի փոխվում: Եվ երբ մենք ասում ենք մեր անվտանգային հարաբերությունների կարգավորում՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չենք հասկանում, որ պետք է գնանք ուրիշ տեղերից զենք բերենք և կրակենք մեր հարևան պետությունների վրա: Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք:

Տեսեք, այն, ինչ ես նոր խոսում էի՝ սահմանների դելիմիտացիա, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչում և այլն,  կոմունիկացիաների բացման կանոններ, դրանք բոլորը անվտանգային քաղաքականության շատ կարևոր մասեր են: Եվ, մանավանդ, հիմա կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել: Երկարաժամկետում դա երբեք լավ արդյունքների չի բերի և կարճաժամկետում միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում: Եվ հենց դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաև նկատի է առնվում մեր հարևանությունը, մեր միջավայրը, մեր տարածաշրջանը:

Գիտեք, այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա: Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, իրավունք ունի զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով: Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել, նաև տարածաշրջանում խաղաղության գնալու…: Ես, իմիջիայլոց, հենց Եվրոպական խորհրդարանի իմ ելույթում ասացի, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղություն ասելով:

Մենք խաղաղություն ասելով նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են միմյանց համար նույն սկզբունքներով, նկատի ունենք, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, կապված են քաղաքական երկխոսությամբ և խոսակցությամբ, կապված են մշակութային կապերով: Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա: Բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է: Ինչո՞ւ, որովհետև սա է հնարավորություն տալիս, որպեսզի դիմացինդ քեզ ավելի լավ հասկանա, և դու դիմացինին ավելի լավ հասկանաս:  Սա է հնարավորություն տալիս, որ ձևավորվեն փոխադարձ կապվածություններ, և մյուսի անվտանգությունը, դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում նաև քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական ռիսկեր, քաղաքական ռիսկեր և այլն և այսպես շարունակ:

The Wall Street Journal՝  Յարոսլավ Տրոֆիմով – Դուք խոսեցիք փոխկապակցվածության մասին, ինչը ենթադրաբար ներառում է նաև տրանզիտ Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Առկա համաձայնություններով նախատեսվում է, որպեսզի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը։ Կարծում եք ԱԴԾ-ն իսկապե՞ս պետք է այստեղ դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն, առանց Ռուսաստանի ներգրավվածության կարող են այդ հարը լուծել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես ուզում եմ մենք ընդգծենք, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: Սա երկրորդը: Երրորդը, որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ, որ փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որևէ տեղ երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ:

Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ինչպես արդեն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ասացի, և ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ և որն արտահայտված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ի հայտարարության մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:

Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե: Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Դուք անընդհատ ասում եք, որ Դուք և Հայաստանի ժողովուրդը հարցեր ունեք ռուսական զորքերի, Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ։ Ի՞նչ հարցերի մասին է խոսքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն ասացի: Նախ` Ձեր հարցին անդրադառնալով արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ կապված, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունների կամ ավելի ճիշտ անգործության վերաբերյալ: Նույն հարցը վերաբերվում է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգային ոլորտի երկկողմ պայմանագրերին: Բայց ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա, որ մենք այս հարցերի շուրջ խոսակցություն, երկխոսություն սկսել ենք: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ խոսակցությունը տեղի չի ունենում: Այսօր էլ է տեղի ունենում այդ խոսակցությունը, ես էլ եմ առիթ ունեցել այդ թեմայով խոսելու, մեր տարբեր գործընկերներ խոսում են, և այդ խոսակցությունը կշարունակվի, որովհետև այստեղ իսկապես շատ կարևոր է, որ մենք Ռուսաստանին և Ռուսաստանը մեզ ավելի լավ և ավելի ճիշտ հասկանա:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Դուք նշեցիք ՀԱՊԿ-ի՝ իր ֆունկցիաների թերակատարման փաստը։ Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը:

The Wall Street Journal՝  Յարոսլավ Տրոֆիմով – Միջազգային իրավիճակն ակնհայտորեն փոփոխվել է վերջին երեք տարիներին։ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը և ԱՄՆ իր դաշնակիցների հետ միասին հակառակ բևեռներում են։ Ըստ Ձեզ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա:

Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, որովհետև տեսեք՝ շատ կարևոր մի նրբություն, որը ես՝ նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել:

The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով – Մենք սկզբում անդրադարձանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։ Ըստ Ձեզ, ի՞նչ ապագա է սպասում այն 100 հազար անձանց, ովքեր ստիպված էին լքել տարածաշրջանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:

Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են:

The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով – Եթե անդրադարձ կատարենք հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև հարաբերություններին դարերի ընթացքում, չէի ցանկանա ասել այս բաժանումը, բայց գուցե շատերի համար դավաճանված լինելու զգացողությունը, այս լարվածությունը որքանո՞վ է պատմական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, եթե Դուք պատմական կոնտեքստն եք ընդգծում, ես այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ:

Շատ կարևոր մի հանգամանք  է և ես, անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը չունեմ և աշխատում եմ իմ չափով և իմ մասով այդ հարցի պատասխանը՝ Հայաստանի վերաբերելի կամ Հայաստանի անելիքի մասով, գտնել: Շատ կարևոր է, թե մենք ինչքանո՞վ կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև, երբ  չունենք ձևակերպված տարածաշրջանային շահեր, ընդ որում, այս համատեքստում տարածաշրջանային շահեր ասածը կարող ենք հասկանալ մի քիչ ավելի նեղ և մի քիչ ավելի լայն՝ Հարավային Կովկասի և ավելի լայն համատեքստում:

Շատ բան կախված է նրանից, թե ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև երբ չկան ձևակերպված տարածաշրջանային շահեր, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ: Բայց հենց այդ լարումները կառավարելու ճիշտ և գրագետ ձևը տարածաշրջանային շահերի մասին պատկերացումներ ունենալն է, որովհետև գիտեք՝ մենք չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները և ժողովուրդները լինեն նույնական՝ նույնական մտածողությամբ, նույնական պատկերացումներով, ընկալումներով և այդպես շարունակ, և պետք էլ չէ դա անել: Պետք չէ դա անել, որովհետև այն, ինչ դառնում է հակասությունների պատճառ, երբեմն կարող է փոխլրացման պատճառ դառնալ, էլ չեմ ասում, որ այդ մշակույթները, պատմությունները, ավանդույթները կարող են մեկը մեկին լրացնել:

Բայց պետք է գտնել այդ բանաձևը, ինչպես դրանք ձևակերպել և դասավորել, որ դրանք ոչ թե բախվեն, այլ մեկը մեկին լրացնեն, մեկը մեկին ընդգծեն, ուժեղացնեն՝ գուցե:

Այսինքն` մենք ոչ թե խնդիրը դրել ենք՝ չենք կարողանում լուծել, մենք նորմալ խնդիրն էլ չենք դրել, այսինքն` դեռ վերնագիրը չունենք: Հիմա կարծում եմ, որ մենք այդ վերնագիրը պետք է ունենանք և փորձենք այդ վերնագրի ներքո ստեղծել բովանդակություն: Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք: Ես չեմ կարող պարծենալ, որ մենք տարածաշրջանում այդ աշխատանքը բավարար չափով անում ենք, բայց կարծում եմ, որ եթե մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն հայտնի են և որոնց մասին ասացի, նման բան ունենալու հնարավորությունները կմեծանան:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Շնորհակալություն պարոն վարչապետ ժամանակ տրամադրելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: