Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, որ իրեն կթույլատրեն մուտք գործել Արցախ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ Արցախ մուտք գործելու արգելքը համարում է մեկանգամյա թյուրիմացություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ իր բացառիկ իրավունքն է լինել Արցախի Հանրապետությունում:

«Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղում կլինի, միջանցքը իր տեղում կլինի և պատկան մարմինները՝ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցանկանում է սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցել անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին:

ԱԳ առաջին արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ապրում է աննախադեպ լարված և պատասխանատու ժամանակաշրջանում և համախմբման կոչ արեց՝ անկախ քաղաքական հայացքներից:

«Մենք այս շրջանում պետք է լինենք խիստ պատասխանատու, հաղթահարենք ներքին տարաձայնությունը, ցավը, բաժանումները  և քաղաքական նոր լուծում գտնենք»,- ասաց Հովհաննիսյանը: