Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուբեն Վարդանյանը շաբաթը մեկ օր կպատասխանի իրեն ուղղված երեք սուր հարցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Ռուբեն Վարդանյանը յութուբյան էջում հայտարարեց հանրության հետ շփվելու նոր ձեւաչափի մասին։

«Այսօր ես կպատասխանեմ ձեր տված հարցերից երեքին։ Ես շնորհակալ եմ բոլորին, որոնք այդ հարցերն ուղարկել են ինձ, շնորհակալ եմ ձեր ոչ անտարբեր մոտեցմանը այսօրվա իրավիճակին, շնորհակալ եմ, որ դուք տալիս եք սուր ու կարեւոր հարցեր, որոնք, հուսով եմ,  անհանգստացնում են շատ մարդկանց։ Հարցերին պատասխանելով՝ ուզում եմ ձեր հետ սկսել շփումս շաբաթը մեկ անգամ՝ ընտրելով երեք հարց, որոնք կհամարեմ, որ ամենակարեւորն են, ամենաարդիականը, ամենասուրը։Եվ ամեն ինչ լինելու է շատ թափանցիկ։ Վստահ եմ, որ սա բոլորիս  կօգնի ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը ճիշտ որոշումներ կայացնելու համար,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Հարց 1․Դուք, իրո՞ք հավատում եք, որ հարեւանությամբ կարելի է ապրել թշնամիների հետ եւ ունենալ անվտանգ, ծաղկող պետություն։ Դուք դա այսօրվա պայմաններում, որի մեջ գտնվում է Հայաստանը, հնարավոր համարո՞ւմ եք։

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ  մեր հարեւան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպիտի լինի անկախ եւ հայկական։ Դա դժվար իրավիճակ է։ Միակ պատասխանը դրան․ լինել ուժեղ։ Պետք է հասկանանք, որ հարեւան պետությունը պետք է զգա, որ բոլորը, ովքեր ապրում են Արցախում, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչեւ վերջ գնալ, որպեսզի մենք ունենանք մեր անկախությունը, որ ներսում ունենալով տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր եւ հարաբերություններ, պատրաստ են համախմբվել թշնամու դեմ։ Եվ այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, հարեւան պետությունը չի կարող անել այն, ինչ մեզ թվում է՝ կարող է, քանի որ ինքն ավելի մեծ է։

Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որոնք մեր կողքը կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք նրանց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել։ Կարեւոր որ ամեն ինչ լինի երկկողմանի։ Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ուրեմն կկարողանանք ամեն ինչ հաղթահարել։

Եվ երրորդը։ Արցախը մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա եւ ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»։

Հարց 2․ Ի՞նչ է նախատեսվում անել գործազրկության՝ օրեցօր խորացող խնդիրը լուծելու համար։

«Սա հարցերից մեկն է, որը բոլորին անհանգստացնում է։ Իսկապես, շրջափակման պատճառով  մասնավոր սեկտորում շատ մարդիկ կորցրել են աշխատանքը։ Դա շատ լուրջ հարց է եւ պետության համար, եւ հասարակության, եւ անձի համար։ Այս իրավիճակում մեզ շատ կարեւոր է հասկանալ իրական տնտեսական իրավիճակը։ Մենք շրջափակման մեջ ենք գտնվում 100 օրից ավելի։ Դա նշանակում է, որ մենք ունենք խնդիր ոչ միայն սննդի կամ վառելիքի։ Մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ, որի մասին պետք է քննարկումներ լինեն։ Այդ քննարկումները մենք կազմակերպել եւ անում ենք «Մենք ենք, մեր սարերը» գործակալության հետ՝ տարբեր ոլորտներից ընդգրկելով շատ մարդկանց, որ հասկանանք՝ ինչ կարելի է անել՝ օգտագործելով աշխարհի փորձը։ Պետության դերը շատ մեծ է։ Չկա հեշտ լուծում։ Բայց լուծումների տարբերակները կան։ Ես վստահ եմ, որ ամենակարեւոր հարցերից մեկն է, որ պետք է շարունակենք մեր աշխատանքները։ Մարդիկ պետք է աշխատեն։ Աջակցությունը միայն փող ստանալով, ոչ մի լավ բանի չի բերելու։ Եվ հասկանալով բոլոր սահմանափակումները՝ պետությունը եւ այն մարդիկ, որոնք ունեն հնարավորություններ, պետք է ստեղծեն տարբեր աշխատանքներ, ուր մարդիկ կընդգրկվեն, կաշխատեն՝ ստեղծելով ինչ-որ արժեքներ։ Դա կարող է լինել հասարակական տարբեր ոլորտների բարելավումը, կարող է լինել գյուղատնտեսության մեջ, որտեղ հիմա ահագին մեծ պահանջ կա, կարող է լինել ինքնապաշտպանության ոլորտում մարդկանց ընդգրկելը։

Իմ պատասխանն այս կարեւոր հարցին․ մենք պետք է ամեն ինչ անենք, ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը, որ մարդիկ ոչ թե ստանան գումար, այլ ամեն օր գնան գործի եւ աշխատանքով օգնեն հասարակությանը ավելի միավորված, զգաստ, ավելի պատրաստ լինեն ամեն ինչին»

Հարց 3․ Ես ձեզ շատ վստահում էի, բայց տեսնելով ձեր շփումը անմիջապես այն մարդկանց հետ, որոնք տարիներ շարունակ թալանել են Արցախս ու տարել դեպի կորցանում, ես ցավ եմ ապրում, որ երիտասարդությունն այդ պատճառով կամ նման մարդկանց պատճառով մտածում է լքել հայրենիքը, որովհետեւ մտածում է՝ այստեղ ապագա չկա։ Ինչո՞ւ ձեր շրջապատում կան նման մարդիկ։

«Ես ուզում եմ պատասխանել շատ ծանր հարցի, որ ինձ տվել է երիտասարդ կին։ Նա ասում է, որ իմ շուրջը կան մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, մեղավոր են տարբեր հարթակներում։ Մեղավոր են՝ անցյալում կամ ներկա իշխանության մեջ գտնվելով տարբեր սխալ բաներ անելու համար։ Եվ դրա պատճառով երիտասարդներն ուզում են լքել եւ գնալ Արցախից։ Ուզում եմ ասել, որ իսկապես մենք ունենք մեծ հիասթափություն, ցածր հավատ՝ իրար նկատմամբ։ Ցավոք, ունենք շատ բամբասանքներ բոլորի մասին։ Բայց իմ մոտեցումը եղել է ուրիշ։ Ես ասել եմ, որ բոլորս պետք է իրար հասկանանք, որ մենք կանգնած ենք անդունդի, հայրենական պատերազմի  առջեւ։ Այս իրավիճակում այն մարդիկ, որոնք պատրաստ են ենթարկվելու պատերազմական օրենքներին, պատրաստ են մեջք-մեջքի կանգնել եւ պաշտպանել հայրենիքը, պետք է մի կողմ թողնենք, թե ինչ է եղել անցյալում։ Եվ քննիչը, եւ բանտարկյալը  կողք-կողքի կռվելով կարող են պաշտպանել իրենց հայրենիքը։ Հետագայում, երբ կհաղթահարենք մեր դժվարությունները, բանտարկյալը կնստի բանտում եւ իր պատիժը կկրի, քննիչը կշարունակի իր գործը։ Ես այդ մոտեցումն ունեմ։ Ես չեմ ուզում ոչ մեկին գնահատական տալ անցյալի համար։ Ես ունեմ իմ ընկերները, իմ ընկերների հետ հարաբերություններ, որը ոչ մի կապ չունի գործի հետ։ Գործում բոլորը հավասար են։ Դա սկզբունքային ամենակարեւոր բաներից մեկն է իմ համար։ Եթե մենք որոշել ենք, որ այս ձեւով ենք ապրելու, բոլորը դրան պիտի ենթարկվեն։ Եվ կապ չունի՝ հերոս է, հերոս չի, իշխանության մեջ է, թե իշխանության մեջ չի, հարգված մարդ է, թե հարգված մարդ չի։ Բոլորս այդ սկզբունքին պետք է ենթարկվենք։ Դա է իմ մոտեցումը։ Բայց այդ մոտեցումը, կապված է այսօրվա կամ ամեն օրվա մեր ապրելաձեւի հետ, այլ ոչ թե անցյալում ով ինչ է ասել, ով ինչ է արել։ Այս առումով իմ սկզբունքը պարզ է։ Մենք բոլորս, ով պատրաստ է, մեջք-մեջքի պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ