Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսները թալանելու են մեր հանքերը․ ՖՍԲ հսկողությամբ միջանցքը դրա համար է

Lragir.am-ի զրուցակիցն է «Մեդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ներկայացրեց, թե ինչ սկզբունքով կարող են ադրբեջանցիները երթևեկել ՀՀ տարածքով։ Փաստացի նա ՀՀ տարածքով միջանցքի մասի՞ն խոսեց։

Նրա ներկայացրածը հենց միջանցք էր, պարզապես ոչ թե Ադրբեջանի տնօրինության, այլ ռուսական ՖՍԲ-ի տնօրինության տակ։ Մեզ համար որևէ տարբերություն չկա, այսինքն՝ ըստ էության մաքսային ու անձնագրային բոլոր գործողություններն իրականացնելու է ռուսական ՖՍԲ-ն։ Մենք անգամ չենք իմանալու ինչ են մտցնում Հայաստանի տարածք, ով է մտնում և այլն, որովհետև իրենք ուզեն կտան այդ ինֆորմացիան, չուզեն՝ չեն տա։ Քանի որ ադրբեջանցիներն այդ տարածքով անցնելու են 45-47 կիլոմետր, իրենց անվտանգության համար կարող են շարասյունով անցնել, դա խնդիր չէ։ Բայց, անկախ նրանից Ադրբեջան մտնելիս մեզ ռուս սահմանապահը կստուգի, թե ադրբեջանցին, տարբերություն չկա, որովհետև դրանից հետո Ադրբեջանի տարածքով մի քանի հարյուր կիլոմետր ենք անցնելու։ Ադրբեջանի տարածքում մեզ ոչ ոք շարասյունով չի ուղեկցելու, այդ մի քանի հարյուր կիլոմետրը հայերի համար լինելու է խիստ վտանգավոր։ Այսինքն՝ հայերը Ադրբեջանի տարածքով ճանապարհից չեն էլ օգտվելու, դա կեղծիք ու սուտ է։ Ադրբեջանի տարածքով կարող է լինել երկաթուղային փոխադրում, այն էլ ռուսների համար։ Ռուսները Սյունիքից կտեղափոխեն պղնձի ու մոլիբդենի հանքաքարը և միլիարդներ կաշխատեն։ Բայց դրանից մեզ առանձնապես օգուտ չի լինի։

Ես ուզում եմ այստեղ մեկ հարց շեշտել։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ առևտրաշրջանառությունը կմեծանա, Հայաստանը կդառնա խաչմերուկ, սուտ է խոսում։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, բոլոր մաքսային վճարները գնում են ընդհանուր կաթսա, հետո այնտեղից մենք ստանում ենք մեկ տոկոսը։ Հետևաբար, ի՞նչ տարբերություն՝ մեր տարածքով այդ մեքենաները կանցնեն, երկու անգամ ավելի վճարումներ կանեն, թե պակաս։ Բացի գլխացավանքից, ոչինչ չենք ստանա։

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը խոսեց այն մասին, որ հաղորդակցությունների բացման դեպքում «ռուսական ներդրումները Հայաստանում կարող են հասնել 5 միլիարդ դոլարի։» Ինչպե՞ս կեմնաբանեք այս հայտարարությունը։

Եթե իրենք թալանեն ամբողջ Զանգեզուրի պղինձն ու մոլիբդենը, իհարկե, կբերեն այդտեղ կներդնեն 1 մլրդ, բայց թղթի վրա կգրեն 4 մլրդ դոլար։ Այսինքն՝ մեծ «լվացք» կանեն, իրենց եկամուտը կշատացնեն։ Եթե իրենց տեղեկատվությունը նայենք, թղթի վրա հարյուր միլիոնավոր դոլարների «ներդրումներ» են արել Հավակովկասյան երկաթուղում, բայց իրականության մեջ ոչինչ արված չէ, թալան է գնում։ Հին վագոնը տանում էին Վրաստան, ներկում բերում էին, դա նոր վագոնի անվան տակ երեք անգամ թանկ գնով վաճառում էին մեզ վրա։ Հետևաբար, այդ 5 մլրդ-ը ոչինչ չասող է, կարելի է թղթի վրա անգամ 10 մլրդ դոլարի «ներդրում» իրականացնել։ Մենք դրանից ոչ միայն չենք օգտվելու, այլ նաև տուժելու ենք, որովհետև մեզ համար ցանկալի չէ, որ լինենք հանքանյութ արտահանող։ Ես վստահ եմ, որ այդ «ներդրումներն» իրենք գրելու են հանքերի վրա, և պատերազմի պատճառներից մեկը հենց հանքերն էին։