Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին՝  «տրանսպորտային միջանցք»-ի հարցով լուծում առաջարկելով: «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ, Սաակաշվիլին բերել է Մոլդովայի և Ուկրաինայի օրինակը՝ փաստացիորեն Երևանին և Բաքվին խորհուրդ տալով ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել:

Սաակաշվիլիի խոսքով, Մոսկվան կենսականորեն շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական հակամարտություն հրահրելու մեջ, որպեսզի արդյունքում ավելի ակտիվ միջամտի տարածաշրջանի քաղաքականությանը, ինչպես նաև զինուժի լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայի։

«Ներկայում մենք կանգնած ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման վտանգի առջև, մասնավորապես՝ կապված միջանցքի հետ, որը Ադրբեջանին ուղիղ ցամաքային մուտք կապահովի դեպի Նախիջևանի իր տարածք։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը խիստ շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլև կարող է Հայաստանում իշխանափոխության հանգեցնել։ Սակայն այս հարցին այլընտրանքային լուծումներ կան, որոնք ուժի կիրառում չեն ենթադրում»,- ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին նաև կոչ է արել հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա համաձայնագիրը․

«Երկու երկրները պահպանում են դրական բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները։ Սցենարում, երբ Ուկրաինան խնդրում էր Օդեսա քաղաքից մուտք դեպի Օդեսայի շրջանի հարավային մաս, Մոլդովան պատրաստակամորեն  համաձայնեց վարձակալությամբ տալ Դնեստրի շրջանով անցնող ճանապարհը: Որպես Օդեսայի նախկին նահանգապետ՝ հաճախ եմ օգտվել այդ վարձակալված ճանապարհից (որը վերանորոգել եմ) ուկրաինացի սահմանապահների հսկողության տակ, երբ ցանկացել եմ ճամփորդել ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան առևտրային շահեր է ստանում այս համաձայնագրից»:

Ըստ երրորդ նախագահի՝ Բաքվի և Երևանի միջև իրավիճակին համանման լուծում կիրառելը շահավետ կլինի երկու երկրների համար։

«Հայաստանը կարող է առևտրային և ֆինաննսական օգուտներ ստանալ, ինչպես նաև մուտք ունենալ դեպի կարևոր տարանցիկ ճանապարհներ: Բացի այդ, Ադրբեջաը կարող է խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության»,- եզրափակել է Սաակաշվիլին: