Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին սահմանադրագետ  Վարդան Պողոսյանը հիշեցրեց 2022 թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած մի հայտարարություն, որ այսօր միջազգային  հանրությունը մեզ ասում է՝  մի փոքր  իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնոսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ, հակառակ դեպքում միջազգային հանրությունը պատարստ չէ մեզ օգնելու, քանի որ իրենք չեն կարող մեզ օգնել։

«Այս հայտարարությունը շրջադարձային էր  Արցախի նկատմամբ Հայաստանի քաղաքականության առումով»,-ընդգծեց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ միջազգային հանրություն ասելով Փաշինյանն  այդպես էլ չպարզաբանեց, թե ում մասին է  խոսքը, բայց ակնհայտ էր, թե այդ միջազգային հանրության տակ նա ինչ նկատի ուներ։

«Չմոռանանք, որ այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել  բրյուսելյան եռակողմ հանդիպումը՝ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ,  որից հետո մեկ շաբաթ անց նա խոսում է  Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին»,- ասաց սահմանադրագետը։

Նա հիշեցրեց Փաշինյանի մեկ այլ հայտարարություն արված 2021 թ. սեպտեմբերի 2-ին, որ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է, այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

«2021 թվականին մենք ասում են՝ կա ինքնորոշման իրավունք, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, 2022 թվականին ասում են՝ նշաձողը իջեցնենք, հետո նշաձողն իջեցնելուց հետո անում են  տարբեր հայտարարություններ և ի վերջո այսօր մոռանում ենք ինքնորոշում հասկացությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացությունը, խոսում ենք միայն  Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման մասին, կարգավիճակի մասին այլևս որևէ խոսք չկա»,- ասաց  Վ.Պողոսյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց՝ արդյո՞ք ՀՀ այսօրվա իշխանություններն իրավունք ունեն  նման ձևով մոտենալ Արցախի հիմնահարցին։

«Ոչ, չունեն, դա առաջին հերթին հակասահմանադրական է։ Հայաստանը, որը ստեղծվել է 1990 թվականին Անկախության հռչակագրով, հստակ ամրագրել է, որ ճանաչում է  Արցախի ինքնորոշման փաստը։ Հռչակագիրը հիմք է հանդիսացել մեր պետականության ստեղծման համար, Սահմանադրության համար։ 1995 թվականի Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ, ելնելով Հայաստանի անկախության հռչակագրից, հայ ժողովուրդն ընդունում է  այս սահմանադրությունը։

Այս դրույթներն անբեկանելի են, դրանք որևէ ձևով չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ ի չիք դառնալ, վերացվել։

Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի այդ սկզբունքներից հրաժարվել։ Ցանկացած պայմանագիր, որը Հայաստանը կարող է կնքել այդ առումով,  կլինի հակասահմանադրական և իրավական հետևանքներ չի կարող առաջացանել Հայաստանի համար։

Երբ Հանապետության վարչապետն ասում էր՝ մենք պետք է գնանք նշաձողի իջեցմանը, նա, այնուամենայնիվ, շարունակում էր իր այն քաղաքականությունը, որ Արցախի Հանրապետությունն այլևս սուբյեկտայնություն չունի, այդ ճանապարհից նա հետ չկանգնեց նույնիսկ 2022 թ. սեպտեմբերի 13-14 ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո»,- ասաց Վ. Պողոսյանը։

Ինչ վերաբերում է  Ալմա Աթայի հռչակագրին, նա ասաց. «Հոկտեմբերի 7-ի հայտարարությամբ  մեջտեղ բերվեց Ալմա Աթայի հռչակագիրը, որն իրականում իրավական որևէ հիմքեր չի տալիս պնդելու, որ Հայաստանը ճանաչել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը շատ պարզ պատճառով՝ 1992 թ փետրվարի 8-ի վերապահման ժամանակ Հայաստանի կամքը անվերապահ է եղել,  ասվել է, որ  նաև  մինչև Խորհրդային միության փլուզումը, վերանալը, այն ինքնավար միավորները, որոնք անցկացրել են անկախության  մասին հանրաքվե, պետք է իրավունք ունենան մտնելու անկախ պետությունների համագործակցություն,  բացի այդ ԱՊՀ պայմանագիրը Ադրբեջանի համար  ուժի մեջ է  մտնել 1993 սեպտեմբերից, հետևաբար նույնիսկ եթե ասենք  տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերում էր Ադրբեջանի ամբողջ տարածքին, միևնույնն է՝ դա չէր կարող իրավաբանական որևէ հետևանք առաջացներ»։ 

Նրա խոսքով, 2016 թվականի փաթեթային առաջարկություններում նշվում էր, որ ԼՂ վերջանական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։

«Սա միջազգային իրավական պրակտիկայում եզակի երևույթ էր, երբ որ ինքնորոշման իրավունքը ճանաչվում էր անջատման միջոցով և այդ ժառանգությունը, որը ստացել էին ՀՀ այսօրվա իշխանությունները, այսօր Հայաստանի կառավարության, քաղաքական մեծամասնության  ապաշնորհ քաղաքականության  պատճառով, ըստ էության, զրոյացվել է և Հայաստանի իշխանություններն իրենց հակասահմանադրական քայլերով կառավարության  ծրագրի առանցքային դրույթ հանդիսացող Արցախի ինքնորոշման սկզբունքից հրաժարվելով, Հայաստանի ու Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովումը ձախողելով՝ ամբողջությամբ  սպառել են  լեգիտիմության իրենց պաշարը։ Եվ, կարծում եմ, որ հասարակությունը պետք է հասկանա այս իրողություններն ու համապատասխան քայլեր ձեռնարկի։ Այդ հարցում մեզ համար օրինակ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի այն պայքարը, որը մղում է իր արժանապատվության և անկախության համար»,- ասաց Վարդան Պողոսյանը։