Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ չափից շատ իրենց զգացին արեւելքցի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ասում է կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը

– Նորայր, գիտեմ, որ ակադեմիական ոլորտից բացի, ուսումնասիրում ես նաեւ ջազ եւ փոփ երաժշտությունը: Ինչի՞ց ես ոգեշնչվում։

– Սիրելի կերպարների սպիտակ ցուցակ ունեմ, որոնց հետ սիրում եմ շփվել, հյուրընկալել կամ այցելել նրանց ու ոգեշնչվել: Բացի դրանից, ոգեշնչվում եմ նաեւ այդ մարդկանց տների մթնոլորտից, ընդհանրապես՝ այգիներից, փողոցներից, շրջապատող առարկաներից նույնպես: Այս ամենն անվանում եմ մեդիտացիոն վարժություններ եւ օրվա ընթացքում շատ ժամանակ եմ տրամադրում դրանց եւ համարում եմ իմ երաժշտական ձեռքբերումների հիմքը:

Սիրում եմ նաեւ ավտոմեքենայով զբոսնել, հատկապես գիշերային լույսերի ներքո: Կարեւորը, որ ղեկին ես չլինեմ, որպեսզի կենտրոնանամ ամեն մանրուքի վրա եւ ոգեշնչվեմ։

– Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Հայ Կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի» բացման համերգին Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախումբը՝ ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրույի գլխավորությամբ, մենակատար Լիլիթ Արտեմյանի հետ կատարեցին քո սիմֆոնիկ ստեղծագործությունը։ Խոսենք քո հեղինակային Կոնցերտինոյի խորհրդի, ստեղծման պատմության շուրջ։

– Կոնցերտինոն կենսահաստատ գործ է կյանքով ոգեշնչված ապրելու մասին: Այն արտացոլում է «կյանքի իմաստը գոյությունովդ հրճվելն է» կամ «կյանքի իմաստը հենց կյանքն է» բանաձեւերը: Այն մեծ մասամբ գրված է օտար բասերի իմ ստեղծած սխեմայով: Կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն այն անվանել է թարմ հնչողություններով լեցուն գործ:

– Ի՞նչ սկզբունքներով եւ մոտեցումներով ես առաջնորդվում մեղեդի գրելիս։ Ե՞րբ ես քեզ կաշկանդված զգում։

– Երբեմն կաշկանդվում եմ որոշ ժամանակակից սովորություններից, որոնցով պիտի գնահատեմ իմ ստեղծագործության արժեքը, սակայն երաժշտությունը գրելիս այդ մասին չեմ մտածում: Կապված ստեղծագործության գաղափարների հետ, երբեմն աշխատում եմ մեղեդային սկզբունքով, երբեմն էլ՝ ոչ:

– Ի՞նչ կասես Հայաստանում կոմպոզիտորական դպրոցի մասին։

– Հայաստանը ունի կոմպոզիտորական հիանալի դպրոց, որի ամենահայտնի ներկայացուցիչներն են Կոմիտասն ու Արամ Խաչատուրյանը: Եթե առաջինը ստեղծեց սարյանական գույներով Հայաստան, ապա վերջինը դուռ բացեց դեպի սիմֆոնիզմ՝ ամբողջ Արեւելքի համար: Ես դրանում հավատացած եմ եւ ինչքան էլ մեր հարեւան ժողովուրդները դա ուրանան՝ միեւնույն է, իմ ասածը փաստում է պատմական երաժշտական վիճակագրությունը: Սակայն մեծ սխալ կլինի «այլ հայկական» հնչողություններ չփնտրելը եւ մեր մեծերով սահմանափակվելը:

– Այսօր արդեն քանի՞ ավարտուն ստեղծագործություն ունես։ Չե՞ս մտածում ձայնասկավառակի թողարկման ուղղությամբ։

– Շուտով Մոսկվայի «Վիստա Վերա» լեյբլը ամենայն հավանականությամբ կձայնագրի իմ հեղինակային ձայնասկավառակը՝ որոնցում կլինեն Ռուսաստանի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Կապելլայի կողմից կատարած իմ մինիմալիստական Սիմֆոնիաներն ու Երգչախմբային Խորալները: Իսկ թե քանի ավարտուն գործ ունեմ, ճիշտն ասած, չեմ հաշվել, բայց ունեմ 12 մինիմալիստական սիմֆոնիաների շարք, մանկական ալբոմ, փոփ մինիմալիստական դաշնամուրային եւ սիմֆոնիկ գործերի շարք, կամերային երաժշտություն եւ այլ ստեղծագործություններ։

– Նորայր, հայ հանդիսատեսը առանձնանում է իր երաժշտական բարձր ճաշակով, նաեւ ճաշակ է թելադրում: Բայց, ցավոք, այս երեւույթը գնալով պակասում է, մոլախոտն աճում է ամեն տեղ եւ փակում հասարակության լայն շերտերի գեղագիտական ընկալումների սահմանները։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ է այսպես, ինչի՞ հետեւանքն է սա։

– Այո, հայ հանդիսատեսը, ունկնդիրը ճաշակով է եւ միշտ կլինի ճաշակով: Ուղղակի մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ չափից շատ իրենց զգացին արեւելքցի, մոռանալով, որ իրենք Արեւելքը եւ Արեւմուտքը կապող կենտրոնցիներ են: Ի դեպ` աշուղական արվեստը նույնպես արեւելյան երեւույթ է, բայց պետք է պահպանել գեղարվեստական արժեքն ու երաժշտաինտոնացիոն նախշերի ավանդական սահմանները: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ մեր ճաշակը գնալով ավելի է բարելավվելու:

– Իսկ ի՞նչ ես կարծում` երիտասարդ կոմպոզիտորներին աջակցելու համար պետական մոտեցո՞ւմ է անհրաժեշտ։

– Ճիշտ կլիներ, որ ունենայինք երաժշտական հարուստ արտ մենեջմենթական միջավայր, ոչ պետական մակարդակով, բայց քանի սա բացակայում է, կարծում եմ` անհրաժեշտ կլինի պետությանն անհանգստացնել մենեջմենթի պահանջներով: Մենք մոռանում ենք, որ Նժդեհն ասել է՝ «Ազգի քսակը պիտի միանա ազգի գրչին»:

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ