Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սովետ է մեզ մոտ, միջնադար. Նիկոլայ Ծատուրյանը՝ ներկայացումն արգելելու մասին

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։ Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը»,- այս մասին երեկ հայտնել էր ուսանողներից մեկը։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ մեզ  մոտ շարունակվում է  սովետի կարգավիճակը. «Եթե մենք նորովի չմտածենք, ապա մենք կմնանք այս ճահիճում։ Միջնադար է, «բ...-ի տղա» արտահայտությունը... »։

Նա ընդգծեց՝ աբսուրդն այն է, որ ամբողջ հանձնաժողովը չի նայել ներկայացումը, բայց նստած քննարկում են։ 

«Այն աստիճանի չեն նայել,  որ  ասում են՝ այդ երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները։ Նախ՝ երեխան նման բան չի ասում, ուրիշ մարդ է ասում։


Չնայած ներկայացման մասին ասում է՝ ես այդ զզվելի ներկայացումը չեմ ուզում նայել։ Հիմա ուզում են այս նոնսենսը վերացնել, դրա համար ուզում են գալ, հանձնաժողովով նստեն, նայեն, որպեսզի այս ապուշությունը կարողանան արդարացնել։

Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են իմ ուսանողներն ուզում, որ ժողովուրդ լինի։ Պատկերացնում եք՝  ուսանողը, որը նոր-նոր է բեմ բարձրանում, տեսնում է  դատարկ դահլիճ ու  տաս հայացքներ գամված, չեն կարողանա տալ այն զգացմունքները, մտահաղցումները, որոնք հիմքում դրված են։ 


Մեկ տարի անընդհատ փորձել ենք։ Իմ  նպատակն է ոչ թե ուսանողական ներկայացում, այլ ներկայացում բեմադրելը»,- ասաց Ծատուրյանը։

Նա նշեց, որ վատ բնավորություն ունի. «Ես երեխաներին էլ եմ ասել՝ փոխեք ձեր ղեկավարին, այսինքն ինձ ու ազատ ապրեք։ Ես ահավոր չեմ սիրում քծնել։

Երբ որ ռեկտոր նշանակեցին, չգնացի, ասի՝ վայ, ինչ ուրախ եմ։ Ես միշտ ասում եմ ճիշտը։ Ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից»։

Նա նշեց, որ «Որբանոցը» արժանացել է  7 հանրապետական և երկու միջազգային մրցանակների, ներկայացումն ունի շատ արժանիքներ։

«Ինձ ռեկտորն ասում է՝ ինչո՞ւ համար եք սա բեմադրում։ Բացատրեցի՝ այս մեր դժնդակ պայմաններում,  կարող ենք նույնիսկ հայրենիք կորցնել, պետք է միավորվենք, իրար հետ լինենք, ոչ թե անջատ-անջատ լինենք։

Ամբողջ երիտասարդությունը ուշաթափվում է այս գործի համար»,- ասաց Ն. Ծատուրյանը։

Նա նշեց, որ բոլոր քննադատական ռեալիզմին պատկանող գրողները, բեմադրիչերը միշտ ունեցել են շատ վատ կյանք, քանի որ իշխանությունը չի ուզում, որ դա լինի, իրենք ուզում են լինի վարդագույն կյանք, ներկայացում։

«Սրանք ստեղծագործող չեն, իրենց տեղերի համար են մտահոգված»,- ասաց Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում Ն. Ծատուրյանի ներկայացումը արգելել-չարգելելու մասին պարզաբանում է ներկայացված.
«ԵԹԿՊԻ -ի ռեկտորատի 2023թ. մարտի 13-ի նիստի N7 արձանագրությունից
1. Հիմք ընդունելով Ն. Ծատուրյանի 3-րդ կուրսի «Որբանոցը» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները՝ որոշվեց
1.1 անընդունելի համարել Ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նման արտահայտությունների առկայությունը,
1.2 հանձնարարել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնին (ամբիոնի վարիչ՝ Ժ. Դադասյան) դերասանական և ռեժիսորական կուրսերի կուրսային և դիպլոմային ներկայացումների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոնում»։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խայտառակություն է, չեղած տեղից ինչ են սարքում։

«Այստեղ ներկայացում նայել-չնայելու խնդիրը չի։ Հարցը սխալ ուղղությամբ է տարվում։ Ես չեմ նայել ու ուրախ եմ, որ չեմ նայել, որովհետև չեմ ուզում իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել։

Գիրքը կարդացել եմ։

Կուրսային աշխատանքը երկու անգամ խաղալուց հետո ինձ զանգ են տվել ու վրդովմունք հայտնել մեր բեմում նման ներկայացում տեսնելու հմար։ Ինձ զանգ են տվել նաև մեր դասախոսներից, որ այս ինչ խայտառակություն է։ Երկու օր անց ես հրավիրել եմ ռեկտորատի նիստ, որին մասնակցել են բոլոր կուրսերի ղեկավարներն ու ռեկտորատի անդամները։ Հարցը դրվել է՝ կրթական  հաստատությունում, ուսումնական թատրոնի բեմում չպետք է հնչեն հայհոյանքներ»,- նշեց նա։

Նա չի կարծում, որ  սա գրաքննություն է. «Եթե այսօր որևէ մեկը կգտնվի ու կասի, որ սա նորմալ որոշում չէ, թող գա, ասի։ Ես այդ արտահայտությունները չեմ ուզում ասել»։

«Քաղաքական ենթատեքստն ինձ չի հետաքրքրում։ Տվյալ դեպքում  ես այդ արտահայտությունները մեր բեմից չեմ ընդունում»,- ասաց Լիլիթ Արզումանյանը։