Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան

«Վլադիմիր Վարդանյանը հենց նոր հայտնեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է  հայտարարություն, ըստ որի՝ մեկ անգամ ևս ոչ իրավաչափ է համարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ հարց ուղղելով Արարատ Միրզոյանին:

Միրզոյանը երախտիքի խոսք հղեց միջազգային գործընկերներին և ասաց. «Բայց նաև ուզում եմ հիշատակել մի կարևորագույն իրադարձություն՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համապատասխան որոշման ընդունումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն այնպես, ինչպես բխում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից»:

Նա հայտնեց, որ մինչ այդ որոշումը և դրանից հետո էլ գործընկեր պետություններն ու խորհրդարանականներն այդ կոչով հանդես եկել են:

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է շարունակել այս քաղաքականությունը, ավելի գործուն միջոցներ կիրառել: Գիտեք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի արոշումները  իրավական առումով պարտադիր ենթակա են կատարման և  չկատարման դեպքում դրանից ինչ-որ հետևանքներ պետք է բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»,-հայտարարեց Միրզոյանը:

Անդրադառնալով սահմանային էսկալացիայի հավանականության վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Էսկալացիայի վտանգ, այո, իհարկե, կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից,  և դրանցում ՀՀ-ի դրսևորած կառուցողական մոտեցումից: Այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո, նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ, ընդ որում՝ ԼՂ-ի դեպքում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության դրսևորումների տեսքով, իսկապես կան»: