Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուրենյանց. Ինչո՞ւ է Լավրովը դժգոհում Երևանից, անգամ հեգնանքով է խոսում Հայաստանի իշխանության վարքագծի մասին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Փաշինյանն՝ անվստահելի գործընկեր. մի անհաջող ռևերսի պատմություն

31 տարի առաջ Ալմա-Աթայում տեղի ունեցած հանդիպմանը նախկին Խորհրդային Միության պետությունները ստորագրել էին ոչ միայն հռչակագիր, այլև ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրություն, որը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել էր մի շարք վերապահումներով, այդ թվում՝ Ղարաբաղի ազատ ինքնորոշման մասով։ Անցած հոկտեմբերին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղոում, սակայն, հղում է արվում ոչ թե այդ արձանագրությանը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր վերապահումներով, այլ՝ հռչակագրին, որը վավերացման ենթակա չի եղել։ Լավրովն այսօր կրկնել է՝ սա էլ ավելի է հեշտացնում իրենց գործը։ Ավելին, երեկ նա էլ է պնդել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի ՄԱԿ-ի կանոնադրության ու Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որով ինչպես ինքը՝ Լավրովն էր անցած շաբաթ ասել, Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստացի փակվում է։

Բնականաբար, Լավրովն ամբողջովին օբյեկտիվ չէ. եթե Մոսկվան ցանկություն կամ կարողություն ունենար, ապա Պրահայի փաստաթղթի համատեքստը կվերացներ, ռուսական առաջարկներն ընդունելի դարձնելու հարցում կհամոզեր կամ կպարտադրեր Բաքվին:


Ակնհայտ է, որ ռուսական առաջարկներն, առաջին հերթին, մերժվում են Բաքվի կողմից. Ադրբեջանի իշխանություններն օգտվում են միջնորդական հարթակների հակադրությունից, ինչի համատեքստում որոշիչ է դառնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմա- քաղաքական դիսբալանսը:

Արդ, ինչո՞ւ է Լավրովը դժգոհում Երևանից, անգամ հեգնանքով է խոսում Հայաստանի իշխանության վարքագծի մասին:


Տրամաբանությունը շատ հստակ է՝ Պրահայի փաստաթուղթը ծնվել է Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության անհաջող փորձի համատեքստում:
Ալմա-Աթայի հռչակագրի թեզը շրջանառության մեջ է դրել ու դրա փաստաթղթավորմանը նպաստել է հենց Փաշինյանը:

Իհարկե, վարչապետը դա արել է ակնհայտ ներքաղաքական նպատակներով՝ Ղարաբաղը «հանձնելու» բեռը դնելով ոչ թե իր նախապատերազմյան արկածախնդրության, այլ «նախկինների» քաղաքականության վրա:


Ահա, այսպես «ծնվեց» Ալմա-Աթայի հռչակագրի թեզը, որը որևէ օգուտ չէր կարող տալ հայկական դիվանագիտությանը, Հայաստանի անվտանգությանը, բայց էապես սահմանափակում է ԼՂ հարցում հայկական կողմի մանևրի հնարավորությունը:

Ինչո՞ւ հիշել Ալմա-Աթայի հռչակագրի մասին, եթե արցախյան առաջին պատերազմը, ԼՂ խնդրի կարգավորման պատմությունն, ըստ էության, չեղարկել էին այդ համատեքստը, ինչո՞ւ զարգացնել մի օրակարգ, որը օգնում է 44-օրյա պատերազմի հետևանքների խորացմանը՝ ԼՂ խնդիրը վերադարձնելով «սովետական» շրջանի իրողություններին:


Ինչո՞ւ Փաշինյանն օգնեց, որպեսզի Ալիևը Բրյուսելում ստանա այն, ինչ իրեն պետք է(Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչում)՝ դրա դիմաց չստանալով անգամ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հստակ երաշխիքներ:
«Անառակ որդու վերադարձի» սցենարով Փաշինյանը դարձյալ նետվեց Մոսկվայի գիրկը՝ Սոչիի հանդիպումից հետո, երբ ռուսական հովանու տակ Բաքվի հետ քննարկվում է կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը՝ «Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստացի փակված» համսրելով:

Արդյո՞ք Լավրովը «նեղված» է, որ Փաշինյանը «ճիշտ» չի ձևակերպել հայկական օրակարգը:


Իհարկե, ոչ:

«Ալմա-Աթայի հռչակագիր» ասվածը կամ դրա գեներացումը Երևանի կողմից հարվածել է ռուսական շահերին: Մի կողմից,  «պոստկոնֆլիկտային» իրավիճակ է ստեղծվում Ղարաբաղում, ինչը թուլացնում է այնտեղ ռուսական ռազմական ներկայության հիմքերը, մյուս կողմից՝ անուղղակիորեն ապալեգիտիմացնում է Մոսկվայի ուկրաինական կամպանիան:


Սակայն գանք մեր դարդ ու ցավին:

Փաշինյանը կարգավորման գործընթացն ամբողջովին ստորադասել է իր ներքաղաքական շահերին, չունի արտաքին քաղաքական կոնցեպտ, դեգերոմ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ բոլոր մայրաքաղաքներում «վաստակելով» անվստահելի գործընկերոջ համբավ»։