Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սրանք ինտելեկտուալ քննարկումներ են». Հայկ Դեմոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Խիստ ողջունելի են նման քննարկումները, սրանք ինտելեկտուալ քննարկումներ են, որի կարիքը մենք այս օրերում խիստ ունենք: Այս օրերում՝ նկատի ունեմ՝ մեր խիստ մարգինալիզացված իրականության մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովի «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի անդամ Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, մարտ ամսին Երեւանում կկայանա «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովը: Նախաձեռնության նպատակն է՝ ի մի բերել հանրության ջանքերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, ձեւավորելու միասնական տեսլական՝ ապագայի համար եւ այդ տեսլականին հասնելու ուղղություններն ուրվագծել: Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի փորձագիտական երեք հանձնախմբերի միացյալ եւ վերջին հանդիպումը կայացավ այսօր:

Անդրադառնալով հանձնախմբի աշխատանքներին էլ՝ մեր զրուցակիցն ասաց՝ խիստ կարեւոր է տարբերակել՝ ո՞րն է պատմականը, ո՞րը պատասխանատվությունը: Իր կարծիքով, «պատմական պատասխանատվություն» ձեւակերպումը տալուց մենք միշտ պետք է նկատի ունենանք երեք հարթություն. «Պատմական պատասխանատվություն անցյալի հանդեպ, որտեղ երեք կետ պետք է առանձնացնենք՝ հիշողություն, պատմություն եւ ժառանգություն: Ապա պատմական պատասխանատվություն՝ ընթացիկ պատմության շուրջ եւ պատմական պատասխանատվություն՝ ապագայի հանդեպ: Շատ կարեւոր է, որ  մենք կարողանում ենք այս հենքի վրա, իբրեւ զրոյական կետ, ձեւակերպել մեր հետագա անելիքները, իսկ դրա համար այսպիսի քննարկումները շատ կարեւոր են»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ցեղասպանության հարցը Սփյուռքի հարցն է՝ այդպիսով փորձելով թերեւս խուսափել եւ պատմական պատասխանատվությունից, եւ ապագայի շատ «խնդիրներից», այն պարագայում, երբ ՀՀ անկախության Հռչակագրում այդ դրույթը ներառված է: «Ի վերջո պետք է խոստովանել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել է սփյուռքը եւ սփյուռքի կազմակերպությունները»,- ասել էր նա՝ հավելելով, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, Հայկ Դեմոյանից հետաքրքրվեցինք՝ հանձնախմբում նման մոտեցումները քննարկվե՞լ են, ի՞նչ վերաբերմունք կա: Նա պատասխանեց, որ ՀՀ վարչապետին ինքն ինտելեկտուալ չի համարում եւ մարգինալ լսարանին թիրախ վերցնելը, նրանց քիմքը բավարարող հայտարարությունները մեկնաբանելն իր համար պատիվ չի համարում: Մեր զրուցակիցը չի մեկնաբանում նաեւ ցեղասպանագետների համաժողովի ժամանակ արած ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե որեւէ մեկին թուրք չի անվանում՝ վիրավորելու համար. «11 տարի աշխատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որեւէ մեկին չեմ վիրավորել՝ թուրք ասելով. եւ ի՞նչ»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ