Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թափառող» խաչքարերի «որս է»։ Շուտ՛, փախի՛ր, փրկվիր, եթե կարող ես…

Մի քանի մոլախոտի պատճառով ցորենի արտը չեն այրում։ (Ժողովրդական)

Անցած շաբաթ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետարաններին գրավոր հրահանգել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերը, խաչերը և խաչքարերը քանդել (Lragir.am,

Ճամփեզրերին տեղադրված ինքնաշեն՝ «թափառող-անտուն» խաչերի, խաչքարերին առաջին անգամ անդրադարձավ ՀՀ Վարչապետը, 2022-ին կապված Հատիս լեռան վրա կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանին հարցին (Lragir.am, 24.01.2022 թ. )։ Ինձ թվում է այս հարցը ծագել է, երբ կառավարությունում քննարկվել և որոշվել է շարունակելու վերահաշվառել և լրացնել հուշարձանների ցանկը հարց է ծագել այդքան շատ ինքնաշեն հուշարձաններից ո՞րը գրանցել ու անձնագրավորել, ո՞րն անտեսել։ Հարցն այն է ոչ միայն մայրուղիների մոտ, այլև բնակավայրերում, մեծ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Երևանում և՛ այդ հարցում, և՛ հասարակական կյանքի ու կենցաղի շատ բնագավառներում, տիրում է ինքնագործունեություն, քաոս ու ամենաթողտվություն. (մասնավոր հրավառություններ, ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտություն, հարսանքավորների ավտոշարասյան խմբակային ազդանշաններն ու շչակներ, «Վարդավառ» ժողովրդական  տոնի խուլիգանավարի այլանդակում և այլն…Որ բնագավառի մեջ խորանում ես, նույն պատկերն է՝ քաոս ու ամենաթողտվություն, զոռբայություն և այլն։ Կողքից մեկը կասի. «Ազգային «մենթալիտետ է»… Պարզունակ ու հեշտ հիմնավորում…

Լավ է, որ մեր կառավարությունն ուզում է հուշարձանների կառուցման հարցը կանոնակարգել։

  1. Բայց ինչու՞ միայն մայրուղիների հարակից տարածքներում և ոչ թե Հանրապետության ողջ տարածքում։ Մի «բառակեր» դեմագոգ կհարցներ. «Մայրուղի ասելով ի՞նչ ես հասկանում»։ Օրինակ, գյուղից գյուղ տանող ասֆալտապատ ընդարձակ, ծառազարդ ճանապարհը մայրուղի չէ՞, կամ գյուղը քաղաքին կապող ճանապարհը և այլն։ Ինչո՞վ են «մեղավոր» իսկական մայրուղիների մոտ ինքնաշեն կառուցված հուշակոթողները։
  2. Ենթադրենք հաջողվեց, բոլոր «թափառող ու անտուն» խաչ ու խաչքարերին «տեղահան անել» ու…հետո նրանց ի՞նչ անել։ Թուրքերը Նախիջևանի Ջուղայի կոթողներից ազատվեցին՝ դրանցից «շեբեն» (щебень) սարքելով։
  3. Չեմ կասկածում, որ ճամփեզրին ինքնաշեն հուշարձանների զգալի մասը հմուտ վարպետների ձեռքի գործեր են. թե ինչ առիթով կամ ում հիշատակին են կառուցված՝ մշակութային արժեք են։ Դրանց մի մասը նվիրված են երկրաշարժի, պատերազմեներում զոհված հերոս հայորդիների հիշատակին, մի մասն աղբյուր հուշարձաններ են, մի մասը դրված են ճանապարհներին հարակից բարձունքների վրա և շատ համահունչ են տեղամասին ու գեղեցիկ բնապատկեր են ստեղծում և զբոսաշրջիկների խմբերը կանգ են առնում, լուսանկարվում այդտեղ։ Շատերին  առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ում կամ ինչի առթիվ  է կառուցված այդ կոթողը կամ աղբյուր հուշարձանը։ Գեղեցիկ բնապատկեր, հաճելի հանգիստ ու հուշեր Հայոց բնաշխարհից։
  4. Մոտ երեսուն տարի առաջ, որպես «վհուկների որս», քանդվեցին, պայթեցրին, մի քանիսը, մեղմ ասած, ապամոնտաժվեցին խորհրդային տարիներին կառուցված բազմաթիվ արձաններ, որոնք ստեղծվել էին անվանի, տաղանդավոր հայ արվեստագետների ձեռքերով և առ այսօր մշակութասեր մեր հայրենակիցներն ափսոսանքով ու ցավով են արտահայտվում «բիրտ» ձևով կատարված «արձանների այդ եղեռնի» մասին։ Եթե դրանք զգուշորեն հանվեին ու տեղափոխվեին դրանց համար հատկացված հատուկ տարածք, ասենք, մի փոքրիկ պուրակ, ինչպես վարվեցին անկախացած որոշ հանրապետություններում կամ սոցճամբարի որոշ երկրներում, հարկ եղած դեպքում մենք կարող էինք այդ փաստից օգտվել նաև քաղաքական նկատառումներով, էլ չեմ ասում արվեստի այդ նմուշները կհետաքրքրեին նաև եկող սերունդներին և՛մշակութային, և՛ պատմական տեսանկյուններից:
  5. Այնպես, որ ասել, թե բոլոր ինքնաշեն հուշարձանները ցածրաճաշակ աշխատանքներ են նույնքան անհեթեթ է, ինչպես որ ասել բոլոր թույլտվությամբ, մրցույթով «անցածները» անթերի են ու ամենքը մի գլուխգործոց։
  6. Իմ կարծիքով խելամիտ կլինի
  7. յուրաքանչյուր մարզում՝ տվյալ տարածաշրջանի մայրուղիների մոտ ինքնաշեն կառուցված հուշարձանների մշակութային արժեքները գնահատելու նպատակով ստեղծել մեր մշակույթին ու ազգային ավանդույթներին լավատեղյակ 4-5 հոգուց կազմված տեղական հանձնախմբեր, որոնք կորոշեն տվյալ հուշարձանի տեղափոխելու ու կամ տեղում թողնելու հարցը։
  8. ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածի և վեց ամիս ժամանակ տա այդ հուշարձանների կառուցման նախաձեռնողներին՝ «տերերին» իրենց միջոցներով դրանք տեղափոխել։
  9. Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, այն հուշարձանները, որոնք տարածքային հանձնախումբը որոշել է հանել՝ զգուշորեն ապամոնտաժվել և տեղափոխել դրանց համար հատկացված տարածքային տեղամաս՝ պուրակ կամ մեկ այլ հարմար տեղ։ Հանելու ենթակա խաչքարերը իրենց անձնական տարածքներում տեղադրել, պահել ցանկացողներին՝ թույլ տալ, որ դրանք տանեն։

Արտյուշ  Խանջյան

լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Հայաստանի եկեղեցիները և խաչքարերը», «Երևանի արձանները», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ,  2020-2022 թթ. Աղի  լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման, իսկ 2022-ի աշնանը  Վարդավառի լճափի «Լիոն» թիավարության մասնաճյուղի հարթակի և աստիճանաշարի աշխատանքների նախաձեռնող և իրականացնող

[email protected]