Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թարմացնելու ենք թե՛ գրքային ֆոնդը, թե՛ կահույքը, միջավայրը, և դարձնելու ենք ժամանակակից կենտրոններ». քաղաքապետարանը մտադիր է մեծացնել ընթերցողների հոսքը համայնքային գրադարանների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևանի գրադարաններում պահպանվող գրքերի մեծ մասը սերնդեսերունդ փոխանցվում է արդեն մի քանի տասնամյակ: Դրանց մի մասն արդեն, ցավոք, հնարավոր չէ վերականգնել:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք:

«Վերջին տասը տարվա ընթացքում մեր գրադարաններում համայնքի կողմից նոր գրքեր ձեռք չեն բերվել: Գրքերի համալրմամբ, կարծում եմ գրադարանային կյանքը կաշխուժանա: Սա առաջին քայլն է: Առաջիկայում նոր փոփոխություններ կունենանք գրադարանային ոլորտում: Պետք է փոխենք միջավայրը, որպեսզի մեր երեխաներն ու մեծահասակները ձգտեն դեպի գրադարաններ»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Նոր գրքերը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելել է հրատարակչություններ, ծանոթացել տպագրության ընթացքին և գրադարաններին փոխանցվող գրականությանը:

«Այս տարի մոտ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի համայնքային ենթակայության 19 գրադարանների համար ձեռք բերվեն նոր գրքեր: Կարծում եմ, այս ծրագիրը պետք է շարունակական լինի: Հաջորդ տարի ևս կնախատեսենք միջոցներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Գրքերն ընտրվել են հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը. հայ և արտասահմանյան դասական հեղինակներից մինչև դպրոցական ծրագրային և ժամանակակից գրականություն:

Սերը գրքի հանդեպ պետք է սերմանել մանկուց: Ամենակրտսեր ընթերցողներին գրավում են նոր, գունեղ ու ինտերակտիվ գրքերը: Գրադարաններում, ցավոք, դրանք շատ չեն: Քաղաքապետարանն այստեղ խնդրի լուծումը տեսնում է ոչ միայն գրադարանների համալրմամբ: «Կաշխատենք, որ մանկապարտեզներում նույնպես գրքերի համալրում լինի՝ կրթական բնույթի: Այսպիսով մենք մի քանի խնդիր կլուծենք, նախ՝ կկրթենք մեր սաներին և միաժամանակ կաջակցենք հրատարակչություններին»,-նշել է քաղաքապետը:

Գրքասերներին առաջիկայում սպասում են մի շարք նոր ու հետաքրքիր նախագծեր, նոր գրքերի հրատարակում: Քաղաքային իշխանությունը, գրքային ֆոնդի համալրմանը զուգահեռ, նախատեսում է գրադարանների արդիականացման ծրագիր: Գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ:

«Մենք արդեն իսկ ունենք մշակած ռազմավարություն, որով շարժվելու ենք առաջ և թարմացնելու ենք մեր համայնքային գրադարանների թե գրքային ֆոնդը, թե կահույքը, միջավայրը, և դարձնելու ենք ժամանակակից կենտրոններ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքային գրադարանները երևանյան մշակութային կյանքի յուրահատուկ մասնիկն են: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքապետարանը մտադիր է մեծացնել ընթերցողների հոսքը դեպի համայնքային գրադարաններ:

Երևանի քաղաքապետարան