Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքական պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Ռուբինյան-Քըլըչ շփումների վերաբերյալ

Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին: Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում։

«Ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների տրանսպորտի, առևտրի և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նորմալացման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերի տեխնիկական ասպեկտները։ Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել տեխնիկական պատվիրակությունների կողմից ձեռնարկվելիք քայլերը եւ կազմել ճանապարհային քարտեզ։ Հաջորդ հանդիպման վայրը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, դեռ հստակեցված չէ»,-նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում քայլ առ քայլ առաջ գնալու շուրջ կա համաձայնություն։