Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի գործողությունները հակասում են ՆԱՏՕ-ում դաշինքի ոգուն

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին Ֆրանսիայի Սենատ (խորհրդարանի վերին պալատ) հրավիրելը։ Այս մասին լուր է տարածել Anadolu գործակալությունը, որին անդրադարձել է «Գազետա ռու»։

«Ֆրանսիական կողմի գործողությունները հակասում են ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշինքի ոգուն, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի քայլերին։ Անկախ նման քայլերից՝ Թուրքիան շարունակելու է ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարի անդադար քայլերը»,-ընդգծել է նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «ահաբեկիչներին հրավիրելը» ստվեր է գցում եվրոպական այս երկրի խորհրդարանի նկատմամբ հարգանքի վրա։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է թուրքական նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու պատճառով, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

Դեկտեմբերի 23-ին Փարիզում մի տղամարդ կրակ է բացել քրդերի մշակութային կենտրոնի մոտ։ Կրակոցների հետևանքով երեք մարդ է մահացել։ Քրդերը կրակոցների համար մեղադրել են Թուրքիային և մասնակցել բողոքի ակցիայի, որի ժամանակ հակաթուրքական կարգախոսներ են վանկարկել։ Անկարգությունների արդյունքում ցույցի ժամանակ տուժել է 31 իրավապահ, բերման է ենթարկվել 11 ցուցարար։